Երկու օր առաջ Ինսթիգեյթ ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը Ֆեյսբուքում գրառում էր արել Իրական դպրոցի ձևաչափի և ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ: Տեքստը ինձ շատ տպավորեց ու տասնյակ հարցեր առաջացրեց, որոնց շուրջ սկսեցի մտածել: Որոշեցի մտքերս շարադրել բլոգի ձևաչափով: Հատվածաբար կմեջբերեմ գրառումը ու կավելացնեմ իմ մեկնաբանությունները:
Ուրեմն այսպէս։ Իրական Դպրոցի փորձարարական ծրագիրը սկսեց 2016-ին Երեւանում 23 աշակերտների հետ, որոնցից 16-ը այս տարի չորրորդ կուրս են հասել եւ կը դառնան առաջին շրջանաւարտները։
Մի մասն արդէն երրորդ կուրսից (16-17 տարեկան) պատրաստ են ճարտարագիտական ընկերութիւնում աշխատելուն, բանակում գերազանց ծառայելուն, ու իրենց ծնողներից աւելի շատ բան են հասկանում պետականաշինութիւնից։
40-ից աւել մարդ ընդունեցինք 2017-ին եւ 70-ից աւել՝ անցեալ տարի՝ Գիւմրիում, Վանաձորում եւ Երեւանում։ Այս տարին սկսում ենք մաւտ 120 աշակերտի հետ՝ Գիւմրիում, Վանաձորում, Երեւանում եւ Գորիսում։
Իրական դպրոցի գաղափարի մեջ մի կարևոր կետ կա, որ ինձ շատ դուր է գալիս: Այսօր դպրոցների շրջանավարտների մեծ մասը ընդունվում են բուհեր, որպեսզի ստանան նվազագույն գիտելիք աշխատանքի ընդունվելու համար: Շատ քչերն են, որ նպատակադրված ընդունվում են 4-6 տարի սովորելու ու ֆունդամենտալ գիտելիքներ ստանալու համար: Սրա բազմաթիվ պատճառներ կան, բայց դա առանձին թեմա է: Կարևորն այն է, որ այս ակնհայտ ճշմարտությունը «հանցավոր համաձայնությամբ» թաքցնում են բոլորը․ ուսանողները, դասախոսները, բուհերի ղեկավարները:
Իսկ աշխատանքի ընդունվելու նպատակով նվազագույն գիտելիք ստանալու համար բուհերը մեղմ ասած ամենահաջող ձևաչափը չեն: Չորս տարին չափազանց շատ է այդ նպատակի համար, բուհերն էլ չափազանց իներտ են շուկայի պահանջներին արագ ադապտացվելու համար: Այս արգումենտների հետ կարելի է չհամաձայնվել ու վիճել, բայց մինչև մենք վիճենք, ավելի կարճ ու ճկուն կրթական ծրագրեր առաջարկող հաստատությունները ազատ մրցակցության պայմաններում կջախջախեն բուհերին (սա բուհերը ևս շատ լավ հասկանում են, ու ատամներով պահում են իրենց հակամրցակցային առավելությունները, օրինակ՝ պետպատվերն ու տղաների համար տարկետումը):
Իրական դպրոցի հիմնադիրները սիրում են իրերը կոչել իրենց անուններով, ու այս մասին բացահայտ հայտարարում են: Եթե ձեր երեխան չի ուզում երկար տարիներ սովորել, որ դառնա գիտնական, այլ արագ աշխատանք է փնտրում, եկեք 10-րդ դասարանից Իրական դպրոց, սովորեք մի քիչ ավել, քան ավագ դպրոցներում, բայց ավելի քիչ, քան ավագ դպրոց + բուհում, և ստացեք պրակտիկ գիտելիք՝ շուկայում ձեր տեղը գտնելու համար: Իրական դպրոցը, բացի ծրագրավորման գիտելիքներից, տալիս է նաև ավելի լայն հմտությունների սպեկտր, ու հենց երկրորդ տարվանից սկսել են գործել նաև Երևանից դուրս:
Բիւջէն կազմուում է մաւտ 2500$ տարեկան հաշուարկով մէկ ուսանողի հաշուին։ Ծրագիրը մինչ այս պահը պահանջել է մաւտ 465 000$ ծախս։
Հայաստանում շատերս, ովքեր խոսում կամ մտածում են կրթության ու գիտության կազմակերպման մասին, հաճախ լավ չենք կարողանում գնահատել ծախսերը: Նման թվերը հրապարակայնացնելը շատ օգտակար է: Համեմատության համար նշեմ, որ UWC Dilijan քոլեջում մեկ ուսանողի հաշվարկով բյուջեն մոտ $35000 է (համենայն դեպս այդպես էին ասում):
Ուսանողները եւ պետութիւնը ոչինչ չեն վճարում։
Սա ինձ համար Իրական դպրոցի ամենաէական հատկանիշն է: Հայաստանում արդեն շատերը «հույսը կտրել են», որ հնարավոր է ուսանողի համար անվճար որակյալ կրթություն ապահովել: Դա, իհարկե, այդպես չէ: Ինձ համար շատ հաճելի է, որ անվճար ուսուցման սկզբունքը Իրական դպրոցում փորձում են պահպանել:
Դրամական սատարում են ապահովել ԱՏՁՄ կազմակերպութիւնները՝ D-Link, Instigate, IUNetworks, UATE, UCOM, VOLO, եւ այդ կազմակերպութիւնների ներկայ/նախկին աշխատակիցները, ընկերներս ԱՄՆ֊ից եւ այլ անձինք։
Փաստորեն, հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ԱՏՁՄ ասոցացիայում արդեն ձևավորվում է հեռանկարային նախագծերի ֆինանսական աջակցության մշակույթ: Շատերս գիտենք Արմաթ լաբորատորիաների մասին, որոնք ևս մասամբ այսպես են ֆինանսավորվում: Հաճելի է տեսնել, որ դա միակ նախաձեռնությունը չէ: Արձանագրենք, որ խոշոր ընկերությունները պատրաստ են երկարաժամկետ ներդրումներ անել կրթության մեջ:
Աւելի քան 100 000$ աշխատել ենք ինքներս՝ ծրագրային ապահովման եւ սարքաւորման ստեղծման աշխատանք կատարելով երրորդ եւ երկրորդ կուրսի մաւտ 20 ուսանողների մասնակցութեամբ։
Եւս երկու տարի յետոյ նախատեսում ենք ամբողջութեամբ դառնալ ինքնաբաւ՝ մեր արտադրանքի եւ ծառայութիւնների շնորհիւ։
Սա լավ ցույց է տալիս տեխնոլոգիական ինդուստրիայի վիճակը: Արդեն այս տարիքի ուսանողները կարող են հավելյալ արժեք ստեղծել, ու գումար գեներացնել: Իհարկե, պետք է ուսանողներին ղեկավարել, ինչը փաստորեն այստեղ անում են հենց ուսուցիչները: Այս մեխանիզմը կարող է դառնալ ֆինանսական ինքնաբավության հիմքը: Միայն թե պետք է գիտակցել, որ դա չի ստացվի հենց առաջին տարվանից: Այս առումով ևս Իրական դպրոցի փորձը կարող է օգտակար լինել նման այլ նախաձեռնությունների համար:
Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչի են միայն քսան ուսանողներ մասնակցում այս աշխատանքներին:
Ըստ նախնական պայմանաւորուածութեան պիտի ինքնաբաւ լինէինք դեռ այս տարի, քանի որ ԿԳՆ Լեվոն Մկրտչեանի ու ԻՏՁՄ փոխտնաւրէն Հայկ Չոբանեանի հաւաստմամբ՝ մեզ պիտի շէնք յատկացուէր պետութեան կողմից, որը ՏՏ ընկերութիւններին վարձակալելով կը կարողանայինք հոգալ մեր ծախսերի զգալի մասը։
Դա տեղի չունեցավ եւ այս պահին աւելի քան 200 000 $ գումար աւել ենք մուրացել Instigate-ից, քան նախնական ծրագրով հաստատել էինք, նաեւ ստիպուած ենք եղել բոլորով տեղափոխուել քաղաքի ծայրամաս՝ դպրոցը պահելու համար։
Այստեղ երկու կարևոր կետ կա: ա) ՀՀ Կառավարությունը դեռ ամենահուսալի գործընկերը չէ: Համայնքը շարունակում է այս փաստին ըմբռնումով մոտենալ, բայց սա դժվար կլինի երկար հանդուրժել: բ) Տարածք վարձակալության հանձնելը հիանալի մեխանիզմ է ֆինանսական ինքնաբավության հասնելու համար: Կարծեք թե, այս մեխանիզմով է աշխատում Թումոն: Թումոյի ֆինանսական շարժերին ծանոթ չեմ, բայց տպավորություն կա, որ երեխաների համար անվճար կրթությունը հնարավոր է դառնում շենքի վերին հարկերը տեխնոլոգիական ընկերություններին տրամադրելով:
Այս տարի Instigate-ը խոստացաւ տրամադրել ուսուցիչների առաջին կիսամեակի աշխատավարձը, ուստի դպրոցը շարունակում է գործել։ Յուսով ենք երկրորդ կիսամեակի գումարը ինքներս վաստակել։ Պատրաստ ենք վերցնել ԾԱ մշակման պատուէրներ, վաճառել մեր ստեղծած համակարգչային եւ ծրագրային հարթակները, եւ այլ արտադրանք։
Ահա և առաջին, ինչպես ասում են, action item-ը՝ գործողություն, որ կարող ենք անել: Եթե ունենք ծրագրային ապահովման ոչ շատ բարդ խնդիրներ, կարող ենք տրամադրել Իրական դպրոցին: Դրանով կօգնենք Իրական դպրոցին դառնալ ինքնաբավ, նաև կնպաստենք աշակերտների այսպես կոչված project-based learning-ին:
Բայց սա կապահովի լոկ ուսուցիչների աշխատավարձը։ Որեւէ այլ բանի գումար չկայ։ Պիտի նստենք չորս պատի մէջ։
Իսկ Իրական Դպրոցի ծրագրի եւ յաջողութեան առնուազն 30%-ը կազմում է ՈՄԱ դասընթաց֊արշաւը։ Այս տարի 200-ից աւել ուսանող տաս աւրով տանելու համար մեզ 20 000 000 դրամի չափ գումար է պէտք։
Ովքեր չգիտեն, ՈՄԱ-ն «Ողջ մնալու արվեստ» ակումբն է, որտեղ մասնակիցները ինտենսիվ մարզվում են բնության մեջ (հիմնականում՝ Քարվաճառի սարերում), սովորում են ռազմագիտություն, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն և այլն: Իրական դպրոցի գաղափարի մեջ սա կարևորագույն տեղ ունի:
Պէտք է խոստովանեմ որ ուսանողների համար դժուար է սարերում եւ իրենցից շատերը ուրախ են որ չենք գնալու։ Ուսուցիչներից շատերի համար եւս՝ յետ գալուց յետոյ հպարտ են որ մասնակցել են, բայց չգնալուց էլ ուրախ են։
Կան նաեւ ամենամաւտ հարազատներիցս եւ ընկերներիցս, որ հէնց ՈՄԱ֊ին չէին ցանկանայ այսքան «տեղ տալ», այլապէս համաձայն են արշաւների, եւ ընկերներ որոնք կարծում են որ մենք առանց ՈՄԱ էլ լաւ կը կազմակերպենք արշաւները եւ պէտք չէ այդքան դրամ ծախսել։ Ես անկեղծ ցաւակցում են իրենց բայց ոչնչով աւգնել չեմ կարող․ սահման կայ, որից աւել չի կարելի աւգնել մարդկանց։
Պէտք է նաեւ խոստովանեմ որ մեզ՝ թե՛ մեր ընկերները, թե՛ այլ անձինք եւ կառավարութեան անդամներ, միջնորդաւորուած կամ ուղղակի ասել են որ մենք չպիտի այսքան «ռազմականացուած» լինենք։ Բայց ոչինչ անել չենք կարող՝ բանակ֊պետութեան գաղափարը եւ նախազաւրակոչային պատրաստութիւնը Իրական Դպրոցի անբաժան մասն են։ Պետութիւնը կործանել է «ДОСААФ»֊ական շարժումը, եւ յոյս ունի գիտութիւն ու զինուժ ունենալու, բայց մենք գիտենք որ այդպէս չի լինում։ Կը լինեն աւտարին ծառայող եւ դրանով հպարտացող խղճուկ ծրագրամիստներ բայց անկախ երկիր չի լինի։
Առանց սրա՝ իմաստ էլ չունէր այս ամէնը սկսելը։
Իմ սերունդը արդեն լավ չի պատկերացնում, թե ինչ է «ДОСААФ»֊ական շարժումը: Իսկ բանակ-պետություն միտքը ցավոք շարունակում է ասոցացվել մերժված քաղաքական ուժերի հետ (ես չեմ դադարում զարմանալ, թե նախորդ տասնամյակներում իշխանությունների կողմից ինչքան վնաս է հասցվել հասարակության առողջությանը): Բայց Իրական դպրոցի գաղափարի մեջ բանակ-պետություն միտքը շատ խորն է նստած: Իրական դպրոցում Հայաստանի զարգացման այդ տեսլականն են պատկերացնում, ու ամեն ինչ կառուցում են դրա շուրջ: Դա շատերին դուր չի գալիս:
Ընդհանրապես, իմ պատկերացմամբ, երբ որևէ նախաձեռնության մեջ ուժեղ գաղափարական հիմք է դրվում, դա մի կողմից նեղացնում է պոտենցիալ աջակցողների շրջանակը, մյուս կողմից՝ հավաքում է համախոհների ավելի կուռ համայնք: Իրական դպրոցը վառ արտահայտված գաղափարական հիմք ունի, ու դա վանում է շատերին: Պատկերացնում եմ, որ իմ ընտանիքում էլ եթե քննարկվեր այսպիսի դպրոցում սովորելու հարցը, «ռազմական» ասպեկտը միանշանակ չէր ընդունվի:
Բայց այսպիսի գաղափարական հիմքով կրթական նախաձեռնության միայն գոյությունը արդեն ցույց է տալիս, որ հայաստանյան հասարակությունը ի վիճակի է ստեղծել սեփական կրթական համակարգեր, առանց «արտագրելու», այլ երկրներից copy-paste-ի: Իրական դպրոցը հայաստանյան իրականությունում ծնված, մշակված, Հայաստանի խնդիրների լուծմանը տանող, Հայաստանի «հագով կարված» համակարգ է:
Թեմայից շեղվելով նշեմ, որ շատ կուզեի նույն վստահությամբ ասել, թե մենք ի վիճակի ենք ստեղծել սեփական գիտության կառավարման համակարգեր, բայց դրա լուրջ նշաններ դեռ չեմ տեսնում: Մեր սերունդը ժառանգել է խորհրդային գիտական համակարգը, որը բոլորովին այլ տիպի ու չափի հասարակության պահանջները սպասարկելու համար էր: Ու այսօրվա գիտական էկոհամակարգի ներկայացուցիչները առայժմ չեն կարողանում նոր, ադեկվատ համակարգեր ստեղծել: Բոլոր «խաղացողները» լուծումները փնտրում են իրենցից դուրս (գիտնականները լուծումները սպասում են Կառավարությունից, Կառավարությունն էլ գիտնականներից բիզնես պլաններ է սպասում): Արդյունքում ստացվում է, որ չկան մարդիկ, որոնք կարող են իրենց վրա վերցնել սեփական գիտության կառավարման համակարգ մշակելու գործը:
Այս տարին նոր ուսանողները ՈՄԱ֊ով չեն սկսելու։ Բայց կարող ենք մասնակի փոքր խմբեր ուղարկել։ Կախուած նրանից թե ինչքան կը հաւաքենք գումար։ Ի վերջոյ պիտի պատուէր լինի հասարակական, անգամ ակնյայտ գործում։ Եթե բոլորը դէմ են, գուցէ իսկապէս սխալ բան ենք անում, ով իմանայ։
Սա ինձ համար տեքստի ամենակարևոր կետն է: Այսպիսի կրթական համակարգ ունենալու հասարակական պատվեր կա՞: Հասարակական պատվեր ասելով թերևս պետք է հասկանալ ոչ թե այն, որ եթե փողոցում անցորդներին հարցնենք, կասեն «այո, մեզ պետք է այդպիսի դպրոց», այլ այն, թե հասարակությունը ինչ է պատրաստ անել նման դպրոցի կայացման համար: Պատրա՞ստ է ֆինանսապես աջակցել: Պատրա՞ստ է ընտրել այն քաղաքական ուժին, որը կխոստանա նման կրթություն: Եթե ոչ, ինչպե՞ս ձևավորել այդ պատվերը: Արդյո՞ք Իրական դպրոցի հիմնադիրները կամ համախոհները պիտի ժամանակ տրամադրեն հասարակական կարծիք ձևավորելու համար:
Այս հարցին վաղ թե ուշ պիտի պատասխանենք նաև գիտության համար: Հայաստանում հասարակական պատվեր կա՞ գիտության գոյության համար: Եթե կա, ապա ինչպիսի՞ գիտության համար կա: Արդյո՞ք գիտություն ունենալու հասարակական պատվերը նման է այն գիտությանը, ինչին ձգտում են Հայաստանի գիտնականները: Եթե չկա, կամ այդ պատվերը աղավաղված է, ովքե՞ր պետք է ձևավորեն, մշակեն պատվերը:
Դրամային հաշիւը սա է՝
«Իրական դպրոց» Կրթամշակութային Հիմնադրամ։ Հաշվարկային հաշիվ AMD՝ 2052222084021001, Դրամատուն՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ։
Մէկ ուսանողի տասնաւրեայ արշաւի/մարզումենրի գինը՝ 100 000 դրամ։ Ինչքան կը հաւաքուի՝ այդքանին էլ կը տանենք։
Մեկ ուսանողի գումար ուղարկեցի:
Հ․Գ․ Տեսեք, թե ինչպես է անցնում սեպտեմբերի մեկը Իրական դպրոցում: