#խառըմտքեր
Բլոգ
Saturday, March 19, 2022

Վերջերս շատ եմ մտածում ժամանակակից աշխարհի, պատերազմների ու էներգակիրների մասին: Մի քանի ոչ պրոֆեսիոնալ դիտարկում ունեմ, որ որոշեցի հանձնել թղթին:

2020-ի Արցախյան պատերազմի (կամ ինչպես Վահագն Պողոսյանն է ասում՝ ճակատամարտի) ժամանակ մի թեմա կար, որ շատերիս հուզում էր: Ադրբեջանը 20+ տարի հիմնականում բրիտանական ներդրումներով կառուցել էր խողովակաշարեր, որոնց միջոցով նավթ ու գազ էր վաճառում եվրոպական երկրներին (հիմնականում՝ Իտալիա, բայց նաև Իսրայել, Գերմանիա, Իսպանիա, Չեխիա, Հունաստան և այլն) և կուտակում հսկայական ֆինանսական միջոցներ: Այս միջոցներով Ադրբեջանի ղեկավարությունը ձեռք բերեց միլիարդավոր դոլարների զենք (Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից և այլն), որոնք ի վերջո կիրառվեցին հայության դեմ: Արդյունքում․

  • Հայերս ունեցանք 4000+ զոհ և անհետ կորածներ:
  • Տասնյակ հազարավոր հայեր Արցախից ստիպված եղան լքել իրենց տները (շատերը մինչև այսօր չեն կարողանում վերադառնալ, քանի որ տներ չկան):
  • Հադրութն ու Շուշին շրջապատի մի շարք գյուղերով, նաև Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները ենթարկվեցին էթնիկ զտման:

Մենք սրա դեմն առնելու համար կիրառեցինք մեր (ավելի համեստ) ռազմական ուժը, Ստեփանակերտի «աջուձախ» ռմբակոծություններից հետո թիրախավորեցինք որոշ ադրբեջանական բնակավայրեր, մեդիա դաշտում փորձեցինք աշխարհին ցույց տալ Ադրբեջանի ֆաշիստական կերպարը:

Իսկ արդյո՞ք չէր կարելի վնաս հասցնել այս չարիքները սնուցող պորտալարերին՝ գազամուղին ու նավթամուղին:

Շատ մասնագետներ ասում էին, որ չարժե: Կարծեմ նույնիսկ Արմեն Սարգսյանը մի առիթով ասել էր (չեմ հիշում՝ հրապարակային, թե փակ հանդիպման ժամանակ), որ խողովակաշարերին խփելը սխալ կլիներ: Սրան ի պատասխան, մի պահ դավադրության տեսություն հնչեց, որ Արմեն Սարգսյանը «գործուղվել» էր Հայաստան, որ ապահովեր խողովակաշարերի անվտանգությունը գալիք պատերազմի ժամանակ: Չնայած որ փաստացի որոշում կայացնողների վրա ոչ մի իրական լծակ չուներ: Ինձ համար ամենահեղինակավոր կարծիքը գլոբալ էներգետիկ աշխարհի մի մասնագետ ասել էր ընկերոջս՝ եթե այժմ մեր թշնամիներն են Ադրբեջանն ու Թուրքիան, խողովակներին հարվածելուց հետո մեր թշնամին կդառնա ամբողջ Եվրոպան:

Բայց, նույնիսկ այս դեպքում, գուցե մեր պայմաններում ճի՞շտ էր անտեսել եվրոպացիների կարծիքը ու զրկել մեր դեմ էթնիկ զտում իրականացնող պետությանը սնուցումից: Այս հարցը գոնե ինձ մոտ մնում էր անպատասխան:

Հետո նաև կասկածներ կային, որ գուցե տեխնիկապես չէինք կարող էական վնաս հասցնել: Խողովակաշարերը Արցախի փաստացի սահմաններից բավական հեռու են, ու գուցե նաև լավ պաշտպանված: Միգուցե, ինչ էլ անեինք, առավելագույնը մի քանի շաբաթում վերականգնվող վնաս էինք տալու, բայց ձեռք էինք բերելու հսկայական թշնամություն մնացած աշխարհից: Այս հարցերը ևս բաց մնացին:

2022

Ուկրաինայում կատարվող իրադարձությունները կարծես թե տալիս են այս հարցերի պատասխանները: «Սպեցօպերացիա» կոչվող այս պատերազմի արդյունքում 23 օրերի ընթացքում

  • 2700+ քաղաքացիական զոհ կա, ըստ Ուկրաինայի կառավարության:
  • 2000+ ուկրաինական բանակի զինվորներ են զոհվել, ըստ ԱՄՆ կառավարության:
  • 1.5 մլն ուկրաինացի տները լքել է (մնալով երկրի ներսում) :
  • 3.3 մլն ուկրաինացի լքել է Ուկրաինան, որը բնակչության 7%-ից ավելին է: Սա ավելի շատ է, քան ՀՀ և Արցախի գումարային բնակչությունը: Համեմատության համար՝ ամբողջ հետպատերազմական 2021 թվականին ՀՀ-ից դուրս եկած ու ժամանած մարդկանց տարբերությունը կարծեմ 50 հազարի կարգի էր, բնակչության 2%-ից պակաս:

Ի պատասխան, արևմտյան երկրները սկսել են տարբեր ձևերով հարվածներ հասցնել Ռուսաստանին:

  • Աննախադեպ ծավալի սանկցիաներ: Հաշվել էին ավելի քան 5000 սանկցիա: Հազար ու մի տեսակ առևտրային արգելքներ, հատկապես տեխնոլոգիաների վրա:
  • Ռուսների գույքը առգրավում են տարբեր երկրներում (զբոսանավերից սկսած):
  • Խոսակցություններ են սկսվել ռուսական բիզնեսների գույքը այլ երկրներում վերցնելու և Ուկրաինայի կառավարությանը նվիրաբերելու մասին:
  • Ֆեյսբուքն ու Թվիթերը թուլացրել են հակառուսական ատելության խոսքի սահմանափակումները:
  • Սպառնալիքներ են հնչում այն երկրների հանդեպ, որոնք կարող են օգնել Ռուսաստանին շրջանցել սանկցիաները:

Բոլորը բացահայտ խոսում են Ռուսաստանի մեկուսացման և տնտեսական քայքայման քաղաքականության մասին: Ու հարց է առաջանում․ գուցե կտրել Ռուսաստանի տնտեսության սնուցո՞ւմը: Այսօր առավոտյան տեսա հետևյալ լուրը

МОСКВА, 19 марта. /ТАСС/. Компания “Газпром” продолжает в штатном порядке осуществлять подачу российского газа для транзита в Европу через территорию Украины, заявки на транзит растут, сообщил журналистам официальный представитель холдинга Сергей Куприянов.

Նկատեք, որ այս գազամուղերին հարվածելու տեխնիկական դժվարություն չկա: Մի քանի հարյուր կիլոմետրը անցնում է անմիջապես ռազմական գործողությունների տարածքով, բոլորի բոլոր զենքերն ու հրթիռները այս խողովակների շուրջ են գործում, իսկ խողովակները նույնիսկ պատահաբար չեն վնասվում:

2022 թվականի դրությամբ աշխարհը կարող է մարսել հազարավոր զոհեր, միլիոնավոր փախստականներ, միջուկային պատերազմի սպառնալիք: Արևմուտքը, դրա դեմն առնելու համար (կամ դրա պատրվակով, այս պահին կարևոր չէ) կարող է զիջումների գնալ այնպիսի հիմնարար գաղափարներից, ինչպիսիք են ատելության խոսքի բացառումը, ազատ առևտուրը, սեփականության անձեռնմխելիությունը: Բայց գազամուղներին կպնել չի կարելի:

Sunday, June 06, 2021

Երեկ RenderForest ընկերության կողմից կազմակերպված ReInvent միջոցառմանը ներկայացրեցի մի մոտեցում, թե ինչպես կարելի է ծրագրավորման հետ կապ ունեցող համալսարանական ֆակուլտետների ուսանողներին մատուցել դասավանդվող մաթեմատիկայի և իրական կյանքում կիրառությունների կապը: Իմ տպավորությամբ, լավագույն ուսանողները մաթեմատիկական առարկաները սովորում են այդ առարկաների ներքին գեղեցկության պատճառով, ու սովորել-չսովորելը չեն պայմանավորում կիրառություններով:

Սակայն ուսանողների ճնշող մեծամասնությունը այդպիսին չեն․ չեն ցանկանում ջանք թափել թեմաների վրա, որոնց կիրառությունը չեն տեսնում (կողքից նայող կմտածի, թե իրենց կյանքի մնացած ժամանակը շատ արդյունավետ են ծախսում սոցցանցերում, բայց չշեղվենք): Իմ ելույթի իմաստն այն էր, որ այդ կիրառությունները կան, ուղղակի դրանց ներկայացումը պատմական պատճառներով չի մտնում դասընթացի կառուցվածքի մեջ: Իսկ այն դեպքերում, երբ մտնում է, դասախոսները մաթեմատիկայի տվյալ ճյուղի կարևորությունը բացատրում են մաթեմատիկայի մեկ այլ ճյուղում կիրառություններով, ինչը ավելի է «օտարացնում» թեման ուսանողների համար (սա գլոբալ «երևույթ» է, կարդացեք այս պատասխանը math.stackexchange-ում):

Krisp ծրագրի օրինակով ցույց տվեցի ձայնային տվյալների հետ մեքենայական ուսուցման մեթոդներով աշխատելու համար կիրառվող գիտելիքի կապերը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայում դասավանդվող թեմաների հետ: Արձագանքները, հատկապես ուսանողների ու դպրոցականների կողմից, բավական տպավորիչ էին:

Մտածում եմ, որ եթե ձայնի մշակման խնդիրներին ավելացնենք ևս մի քանի արդիական թեմաներ, ինչպես օրինակ բիթքոյնի աշխատանքը և վիրուսների տարածման մոդելավորումը, բուհերում դասավանդվող մաթեմատիկայի մեծ մասը «կծածկվի»: Ելույթի վերջում նշեցի, որ այս դասընթացները մշակվել են տասնամյակներ առաջ, երբ չկար ոչ Krisp, ոչ Zoom, ոչ էլ Bitcoin: Այսինքն, մասնագետների համար այն ժամանակ առանց այս կիրառությունների էլ ակնհայտ էր, որ այս գործիքակազմը, որ դասավանդվում է բուհերում, կիրառվելու է աշխարհի կարևորագույն խնդիրների լուծումներում:

Sunday, May 30, 2021

2020-ի հոկտեմբերից հայության մեջ կտրուկ ակտիվացան Հայաստան-Սփյուռք աշխատանքի մասին զրույցները: Նշեմ միայն մի քանիսը: Էապես ավելի շատ են ոչ հրապարակային քննարկումները: Այսպիսի զրույցները, ինչպես բնորոշ է ճգնաժամային իրավիճակներին, հաճախ հանգում են ծայրահեղ եզրակացությունների, ընդհուպ մինչև «Սփյուռքի ռեսուրսը միֆ է, գոյություն չունի, պետք է մոռանալ և կենտրոնանալ Հայաստանի ներքին ռեսուրսների վրա» և «Հայաստանը կամ Արցախը կենսունակ չեն, չարժե այլևս ջանքեր վատնել»:

Այս, իմ համոզմամբ, անհեթեթ եզրակացությունների կողքին կան նաև իրական քայլեր, որոնք արդեն տալիս են շատ փոքր, բայց նշանակալի արդյունքներ: Նշեմ մի քանի օրինակ իմ տեսադաշտից, որ նախագծվել և իրականացվել են պատերազմից հետո:

  • Gitak.club հարթակում մեկ տասնյակից ավելի ուսանողներ սկսել են աշխատել սփյուռքահայերի կողմից ղեկավարվող նախագծերի շուրջ, որոնց արդյունքում արդեն կան ավարտուն մագիստրոսական թեզեր Երևանի պետական համալսարանում:
  • Նորաստեղծ Հայկական անկախ համալսարան և Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտ միավորները իրականացնում են ամառային դպրոցներ սփյուռքահայերի հսկայական ներգրավմամբ:
  • SASTIC նախաձեռնությունը միավորել է հարյուրից ավել սփյուռքահայ պրոֆեսիոնալների, որոնք կանոնավոր կերպով ուսումնասիրում են Հայքի զարգացմանը նպաստող նախագծեր և խոստանում են ֆինանսական և ինտելեկտուալ աջակցություն:
  • The Future Armenian, Armenians Forward, United AIO նախաձեռնությունները հրավիրում են քննարկումների՝ նոր համագործակցությունների շուրջ:

Վերջին ամիսներին ինքս մասնակցել եմ մի քանի տասնյակ ոչ հրապարակային զրույցների, որտեղ քննարկվել են հայության տարբեր հատվածների առավել արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ ամենատարբեր հարցեր: Այս հոդվածում կփորձեմ շարադրել այդ զրույցների արդյունքում ինձ մոտ ձևավորված «միջանկյալ եզրակացությունը»:

Armenia-Diaspora interfaces
Հայաստանի և Սփյուռքի փոխգործակցության ինտերֆեյսները այսօր

Հիմնական խոչընդոտը

Այսպես, Սփյուռքում իրոք կա կուտակված հսկայական մարդկային ռեսուրս, որն առայժմ չի մասնակցում Հայքի զարգացմանը: Նշվում են բազմաթիվ խոչընդոտներ, ինչպես օրինակ համընդհանուր մեծ նպատակի բացակայությունը կամ Սփյուռքի՝ Հայաստանի կառավարման գործընթացներին մասնակցության անհնարինությունը: Ամենևին չնսեմացնելով այս հարցերի նշանակությունը, պնդում եմ, որ նույնիսկ գործող պայմաններում ահռելի հնարավորություններ կան Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության համար․ կան բավականաչափ հարցեր, որոնց շուրջ բոլորս կամ գոնե շատերս ունենք համաձայնություն, և այդ հարցերից շատերի լուծման համար իրավական խոչընդոտներ գրեթե չկան:

Ուրեմն ի՞նչն է խանգարում: Իմ համոզմամբ, ամենամեծ խոչընդոտը հայության տարբեր օղակների միջև համագործակցության ինտերֆեյսների անհամապատասխանությունն է: Այն օղակը, որն ունի վառվող խնդիր, և այն օղակը, որն ի վիճակի է լուծել այդ խնդիրը, միմյանց չեն հասկանում․ խոսում են տարբեր «լեզուներով», ունեն տարբեր պատկերացումներ վստահության վերաբերյալ, նախընտրում են գործել միմյանց հետ չհատվող կոմֆորտի գոտիներում: Այս պայմաններում օղակների միջև համագործակցությունը չի կայանում, երբեմն նույնիսկ մեկ հոդաբաշխ խոսակցություն չի ստացվում:

Բերեմ պատկերավոր անալոգիա: Պատկերացրեք՝ մենք գտնվում ենք Երևանում, ծովի մակարդակից 800-1200մ բարձրության վրա և նպատակ ունենք բարձրանալ Աժդահակի գագաթը՝ 3597մ: Բոլորս Հայաստանում ունենք գիտելիք և փորձ, թե ինչպես են բարձրանում 800մ-ից մինչև 1200մ: Միայն եզակի մարդիկ գիտեն մինչև 2500մ բարձրանալ: Փոխարենը, ունենք Սփյուռքում գործող մասնագետներ, որոնք հսկայական փորձ ունեն 2000մ բարձրության վրա գտնվող հազարավոր մարդկանց 3000մ հասցնելու գործում: Նաև ունենք մասնագետներ, որ պարբերաբար 3000-ից բարձրանում են գագաթ՝ 3597մ, և երբեմն էլ իրենց կողմից մի քար են ավելացնում գագաթին: Այս մարդկանց մասին ամեն օր գրում է միջազգային մամուլը:

Azhdahak
Աժդահակի գագաթին

Ի՞նչ է տեղի ունենում: Գագաթին աշխատող մարդիկ սովոր են, որ աշխարհի տարբեր երկրներից բիզնեսմեններ, պաշտոնյաներ և հանրային գործիչներ (հիմնականում 2500-3000մ-ի վրա գտնվող) դիմում են իրենց ամենատարբեր հարցերով, խնդրում են աջակցություն, ուրախանում են իրենց հետ մի քանի ժամ զրույցի հնարավորության համար: Իսկ Հայաստանում, 1000մ-ի շուրջ ապրող մարդիկ իրենց հետ շփումից խուսափում են կամ դիմում են 1100-ից 1200մ բարձրանալու հետ կապված «անհետաքրքիր» հարցերով: Գագաթին աշխատող մարդիկ կամ հիասթափվում են հարցերի «մանրությունից», կամ վիրավորվում վերաբերմունքի պակասից: 1200մ-ի խնդիրներ ունեցողներն էլ նրանց պիտակավորում են որպես մեծամիտ կամ անհայրենիք կոսմոպոլիտներ:

2000մ-ից 3000մ բարձրացնող մարդիկ որոշ չափով կարողանում են շփվել 1200մ-ում գտնվողների հետ, սակայն դա ևս հազվադեպ է վերաճում համագործակցության: Որոշ դեպքերում 1200մ-ում գտնվողները չեն ցանկանում խոստովանել, որ իրենք այդքան հեռու են 3000մ-ից: Դա պաշտպանական ռեակցիա է, հաճախ՝ կորպորատիվ շահով պայմանավորված («ներսի թերությունները դուրս չենք հանում»): Այդ տիպի մարդկանց իրենց իրական «բարձրության» մասին հիշեցնելը ընկալվում է որպես վիրավորանք․ մեկնաբանում են այնպես, թե դիմացինը մերժում է իր արդարացի ջանքերը՝ 1000մ-ից 1200մ հասնելու գործում: Առավել ծայրահեղ դեպքերում, երբ մարդիկ տասնամյակներով մնացել են 1100-1200մ հատվածում, արդեն ներքուստ սկսում են ժխտել 1500մ-ից բարձր սարերի գոյությունը: Մյուս կողմից, 2000մ-ից ներքև աշխատելու փորձ չունեցող մարդիկ չեն ցանկանում դուրս գալ իրենց կոմֆորտի գոտուց և տարիներ նվիրել 1200-ից 2000մ անցմանը․ ասում են «երբ որ հասնեք 2000մ, մենք կօգնենք»:

Նաև քիչ չեն դեպքերը, երբ 2000մ-ին սովոր սփյուռքահայերը բոլոր հայաստանցիներին վերաբերվում են որպես 1000մ-ից ավել չտեսած մարդկանց, և նույնիսկ 2500մ+ գտնվող մարդկանց խորհուրդներն են անտեսում:

Միմյանց չհասկանալու, տարբեր լեզուներով և կոնցեպտներով խոսելու փայլուն օրինակ է ռազմարդյունաբերության ֆինանսավորման վերաբերյալ այս զրույցը:

Լուծումը

Լուծումը, ըստ իս, ունի պարզ ձևակերպում, բայց իրականացումը բավական աշխատանք է պահանջում: Հայության տարբեր օղակները պետք է առանձնահատուկ ջանք գործադրեն դիմացինին հասկանալու, դիմացինի վիճակի մեջ մտնելու, այդ վիճակին համապատասխան երբեմն նույնիսկ տհաճ, կոմֆորտի գոտուց դուրս բերող քայլեր անելու համար: Բերեմ երկու օրինակ իմ անմիջական շրջապատից:

Ներքևից վերև

2019-ի օգոստոսին ես և Երևանէնի աշխատակից Կարենը մասնակցում էինք ACL 2019 գիտաժողովին՝ հյուրի կարգավիճակով: Դա բնական լեզվի մշակման ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր գիտաժողովն է: Լսում էինք գիտաժողով անցած աշխատանքները, և զգում, թե որքան հեռու ենք այդ մակարդակի գիտության մեջ ներդրում ունենալուց: Ներկա էր Հարավային Կալիֆորնիայի համալսարանից Արամ Գալստյանը, ում հարցրեցինք, թե ինչպես կարող ենք այս ոլորտում այս մակարդակի աշխատանքների մեջ ներգրավվել: Գալստյանը առաջարկեց ծանոթանալ իր ամերիկացի գործընկերոջ հետ, ով այդ գիտաժողովի մշտական մասնակիցներից է: Ծանոթացանք, գործընկերը մեզ համար մի խնդիր ձևակերպեց և խոստացավ պարբերաբար շփվել մեզ հետ:

Հետագայում պարզվեց, որ իր համար ընդունելի շփումը առավելագույնը շաբաթական մեկ ժամ է: Ընդ որում՝ ձևաչափը այնպիսին է, որ շփվելը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ նոր ասելիք ունենք: Դա իր աշխատանքի ոճն է, այդ թվում իր ասպիրանտների հետ: Այդ ինտեսնիվությամբ շփումը բավարար չէր, որ մենք կարողանանք մրցունակ գիտական արդյունք ստանալ: Ուստի, ասելիք էլ չէինք ունենում ու փաստացի շփվում էինք երկու ամիսը մեկ ժամ: Անցավ ութ ամիս, ու հասկացանք, որ մեզ տրված խնդրում էական առաջընթաց գրանցել չենք կարողանում: Անցանք այլ խնդիրների, ստացանք որոշ արդյունքներ, որոնք, ինչպես պարզեցինք հետագայում, արդեն ստացվել էին այլ գիտնականների կողմից: Միայն 2020թ․ դեկտեմբերին Կարենին հաջողվեց մի արդյունք ստանալ, որը հաճելիորեն զարմացրեց մեր գործընկերոջը: Անմիջապես շփումները դարձան շաբաթական․ նա օգնեց մեզ գրել հոդվածը և ուղարկել այն նույն ACL գիտաժողովին: 2021-ի ապրիլին պարզվեց, որ հոդվածը ընդունվել է տպագրության: Այսպես, երկու տարվա աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց հասնել այնպիսի վիճակի, որ արդեն կարողացանք օգտվել մեր գործընկոջ աջակցությունից:

Վերևից ներքև

2012թ․ Ռուբեն Մեսչյանը աշխատում էր Բոստոնում մի ընկերությունում որպես առաջատար ինժեներ: Որոշեց տարվա մեջ մի քանի շաբաթ անցկացնել Հայաստանում և դասախոսություններ կարդալ: Լինելով իր ոլորտի ամենաբարձրակարգ մասնագետներից մեկը (3000մ+), իր դասախոսությունները ամենաբարդ թեմաների շուրջ չէր կառուցում: Ընդհակառակը, ուսանողներին մատուցում էր Javascript ծրագրավորման լեզվի վերաբերյալ ամենանախնական գիտելիքը (800մ-900մ): Բացահայտ հիացմունք էր հայտնում, երբ տեսնում էր, որ լսարանում մեկը ծանոթ է ավելի բարդ (1200մ) կոնցեպտների: Առավել բարդ գիտելիքներ ունեցող սակավաթիվ մասնակիցներին երբեմն նույնիսկ առաջարկում էր չգալ իր դասախոսություններին, քանի որ կարող են ձանրալի լինել: Այսինքն, Ռուբենի նպատակը լսարանում մի քանի 1200մ+ բարձրության վրա գտնվողներին հայտնաբերել, «առանձնացնել» և արագ աճեցնելը չէր: Իր նպատակը մեծ թվով մարդկանց 800մ-ից 1500մ հասցնելն էր: Մի քանի շաբաթ տևողությամբ սեմինարների շարքից հետո վերադառնում էր Բոստոն, անցնելով իր 3000մ+ գործունեությանը:

Հաջորդ տարիներին այցերը դարձան ավելի ու ավելի երկար, մինչև մի քանի տարի անց լիարժեք տեղափոխվեց Հայաստան: Սեմինարների շարքը աստիճանաբար վերածվեց համալսարանական դասընթացի, իսկ 2020-ից՝ հայալեզու անվճար և բարձրակարգ կրթական բովանդակության: Արդեն 2018-ից Հայաստանում անցկացվում են Javascript լեզվի վերաբերյալ համաժողովներ, որոնց մասնակցում են մինչև հազար ծրագրավորողներ ու քննարկում բացառապես 2000մ+ թեմաներ: Ռուբենը նաև այդ համաժողովների կազմակերպիչներից է:

Այս օրինակները ցույց են տալիս, որ համապատասխան ջանքեր գործադրելու դեպքում արդյունավետ փոխգործակցության հասնելը միանգամայն իրատեսական է: Դրան էապես նպաստում են մարդկանց անմիջական շփումները, ուստի հայաստանցիների այցերը աշխարհի հայաշատ վայրեր և սփյուռքահայերի այցերը Հայաստան կրիտիկական նշանակություն ունեն: Կարևոր է նաև համբերությունը և հաստատակամությունը:

Ամփոփելով, մենք բոլորս պիտի ժամանակ և էներգիա հատկացնենք միմյանց ինտերֆեյսները հասկանալու և սեփական ինտերֆեյսները ձևափոխելու համար: Ամեն մի այդպիսի ձևափոխություն կարող է բերել մի նոր համագործակցության և մի կոնկրետ խնդրի լուծման: Եթե նաև կարողանանք այդպիսի հաջող ձևափոխությունների փորձերը պատմել միմյանց, ապա ամեն հաջորդ նման փոխգործակցությունը ավելի հեշտ և արագ կիրականանա:

Փոխգործակցության ինտերֆեյսների անհամապատասխանության օրինակ է գրավոր լեզուն: Այս տեքստը գրել եմ հայերեն, չնայած թիրախային լսարանի էական մասը չի կարդում կամ նույնիսկ չի խոսում հայերեն: Խնդրում եմ օգնել այս հոդվածը թարգմանել այլ լեզուներով: