Saturday, March 19, 2022

Վերջերս շատ եմ մտածում ժամանակակից աշխարհի, պատերազմների ու էներգակիրների մասին: Մի քանի ոչ պրոֆեսիոնալ դիտարկում ունեմ, որ որոշեցի հանձնել թղթին:

2020-ի Արցախյան պատերազմի (կամ ինչպես Վահագն Պողոսյանն է ասում՝ ճակատամարտի) ժամանակ մի թեմա կար, որ շատերիս հուզում էր: Ադրբեջանը 20+ տարի հիմնականում բրիտանական ներդրումներով կառուցել էր խողովակաշարեր, որոնց միջոցով նավթ ու գազ էր վաճառում եվրոպական երկրներին (հիմնականում՝ Իտալիա, բայց նաև Իսրայել, Գերմանիա, Իսպանիա, Չեխիա, Հունաստան և այլն) և կուտակում հսկայական ֆինանսական միջոցներ: Այս միջոցներով Ադրբեջանի ղեկավարությունը ձեռք բերեց միլիարդավոր դոլարների զենք (Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից և այլն), որոնք ի վերջո կիրառվեցին հայության դեմ: Արդյունքում․

  • Հայերս ունեցանք 4000+ զոհ և անհետ կորածներ:
  • Տասնյակ հազարավոր հայեր Արցախից ստիպված եղան լքել իրենց տները (շատերը մինչև այսօր չեն կարողանում վերադառնալ, քանի որ տներ չկան):
  • Հադրութն ու Շուշին շրջապատի մի շարք գյուղերով, նաև Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները ենթարկվեցին էթնիկ զտման:

Մենք սրա դեմն առնելու համար կիրառեցինք մեր (ավելի համեստ) ռազմական ուժը, Ստեփանակերտի «աջուձախ» ռմբակոծություններից հետո թիրախավորեցինք որոշ ադրբեջանական բնակավայրեր, մեդիա դաշտում փորձեցինք աշխարհին ցույց տալ Ադրբեջանի ֆաշիստական կերպարը:

Իսկ արդյո՞ք չէր կարելի վնաս հասցնել այս չարիքները սնուցող պորտալարերին՝ գազամուղին ու նավթամուղին:

Շատ մասնագետներ ասում էին, որ չարժե: Կարծեմ նույնիսկ Արմեն Սարգսյանը մի առիթով ասել էր (չեմ հիշում՝ հրապարակային, թե փակ հանդիպման ժամանակ), որ խողովակաշարերին խփելը սխալ կլիներ: Սրան ի պատասխան, մի պահ դավադրության տեսություն հնչեց, որ Արմեն Սարգսյանը «գործուղվել» էր Հայաստան, որ ապահովեր խողովակաշարերի անվտանգությունը գալիք պատերազմի ժամանակ: Չնայած որ փաստացի որոշում կայացնողների վրա ոչ մի իրական լծակ չուներ: Ինձ համար ամենահեղինակավոր կարծիքը գլոբալ էներգետիկ աշխարհի մի մասնագետ ասել էր ընկերոջս՝ եթե այժմ մեր թշնամիներն են Ադրբեջանն ու Թուրքիան, խողովակներին հարվածելուց հետո մեր թշնամին կդառնա ամբողջ Եվրոպան:

Բայց, նույնիսկ այս դեպքում, գուցե մեր պայմաններում ճի՞շտ էր անտեսել եվրոպացիների կարծիքը ու զրկել մեր դեմ էթնիկ զտում իրականացնող պետությանը սնուցումից: Այս հարցը գոնե ինձ մոտ մնում էր անպատասխան:

Հետո նաև կասկածներ կային, որ գուցե տեխնիկապես չէինք կարող էական վնաս հասցնել: Խողովակաշարերը Արցախի փաստացի սահմաններից բավական հեռու են, ու գուցե նաև լավ պաշտպանված: Միգուցե, ինչ էլ անեինք, առավելագույնը մի քանի շաբաթում վերականգնվող վնաս էինք տալու, բայց ձեռք էինք բերելու հսկայական թշնամություն մնացած աշխարհից: Այս հարցերը ևս բաց մնացին:

2022

Ուկրաինայում կատարվող իրադարձությունները կարծես թե տալիս են այս հարցերի պատասխանները: «Սպեցօպերացիա» կոչվող այս պատերազմի արդյունքում 23 օրերի ընթացքում

  • 2700+ քաղաքացիական զոհ կա, ըստ Ուկրաինայի կառավարության:
  • 2000+ ուկրաինական բանակի զինվորներ են զոհվել, ըստ ԱՄՆ կառավարության:
  • 1.5 մլն ուկրաինացի տները լքել է (մնալով երկրի ներսում) :
  • 3.3 մլն ուկրաինացի լքել է Ուկրաինան, որը բնակչության 7%-ից ավելին է: Սա ավելի շատ է, քան ՀՀ և Արցախի գումարային բնակչությունը: Համեմատության համար՝ ամբողջ հետպատերազմական 2021 թվականին ՀՀ-ից դուրս եկած ու ժամանած մարդկանց տարբերությունը կարծեմ 50 հազարի կարգի էր, բնակչության 2%-ից պակաս:

Ի պատասխան, արևմտյան երկրները սկսել են տարբեր ձևերով հարվածներ հասցնել Ռուսաստանին:

  • Աննախադեպ ծավալի սանկցիաներ: Հաշվել էին ավելի քան 5000 սանկցիա: Հազար ու մի տեսակ առևտրային արգելքներ, հատկապես տեխնոլոգիաների վրա:
  • Ռուսների գույքը առգրավում են տարբեր երկրներում (զբոսանավերից սկսած):
  • Խոսակցություններ են սկսվել ռուսական բիզնեսների գույքը այլ երկրներում վերցնելու և Ուկրաինայի կառավարությանը նվիրաբերելու մասին:
  • Ֆեյսբուքն ու Թվիթերը թուլացրել են հակառուսական ատելության խոսքի սահմանափակումները:
  • Սպառնալիքներ են հնչում այն երկրների հանդեպ, որոնք կարող են օգնել Ռուսաստանին շրջանցել սանկցիաները:

Բոլորը բացահայտ խոսում են Ռուսաստանի մեկուսացման և տնտեսական քայքայման քաղաքականության մասին: Ու հարց է առաջանում․ գուցե կտրել Ռուսաստանի տնտեսության սնուցո՞ւմը: Այսօր առավոտյան տեսա հետևյալ լուրը

МОСКВА, 19 марта. /ТАСС/. Компания “Газпром” продолжает в штатном порядке осуществлять подачу российского газа для транзита в Европу через территорию Украины, заявки на транзит растут, сообщил журналистам официальный представитель холдинга Сергей Куприянов.

Նկատեք, որ այս գազամուղերին հարվածելու տեխնիկական դժվարություն չկա: Մի քանի հարյուր կիլոմետրը անցնում է անմիջապես ռազմական գործողությունների տարածքով, բոլորի բոլոր զենքերն ու հրթիռները այս խողովակների շուրջ են գործում, իսկ խողովակները նույնիսկ պատահաբար չեն վնասվում:

2022 թվականի դրությամբ աշխարհը կարող է մարսել հազարավոր զոհեր, միլիոնավոր փախստականներ, միջուկային պատերազմի սպառնալիք: Արևմուտքը, դրա դեմն առնելու համար (կամ դրա պատրվակով, այս պահին կարևոր չէ) կարող է զիջումների գնալ այնպիսի հիմնարար գաղափարներից, ինչպիսիք են ատելության խոսքի բացառումը, ազատ առևտուրը, սեփականության անձեռնմխելիությունը: Բայց գազամուղներին կպնել չի կարելի: