2020-ի հոկտեմբերից հայության մեջ կտրուկ ակտիվացան Հայաստան-Սփյուռք աշխատանքի մասին զրույցները: Նշեմ միայն մի քանիսը: Էապես ավելի շատ են ոչ հրապարակային քննարկումները: Այսպիսի զրույցները, ինչպես բնորոշ է ճգնաժամային իրավիճակներին, հաճախ հանգում են ծայրահեղ եզրակացությունների, ընդհուպ մինչև «Սփյուռքի ռեսուրսը միֆ է, գոյություն չունի, պետք է մոռանալ և կենտրոնանալ Հայաստանի ներքին ռեսուրսների վրա» և «Հայաստանը կամ Արցախը կենսունակ չեն, չարժե այլևս ջանքեր վատնել»:
Այս, իմ համոզմամբ, անհեթեթ եզրակացությունների կողքին կան նաև իրական քայլեր, որոնք արդեն տալիս են շատ փոքր, բայց նշանակալի արդյունքներ: Նշեմ մի քանի օրինակ իմ տեսադաշտից, որ նախագծվել և իրականացվել են պատերազմից հետո:
- Gitak.club հարթակում մեկ տասնյակից ավելի ուսանողներ սկսել են աշխատել սփյուռքահայերի կողմից ղեկավարվող նախագծերի շուրջ, որոնց արդյունքում արդեն կան ավարտուն մագիստրոսական թեզեր Երևանի պետական համալսարանում:
- Նորաստեղծ Հայկական անկախ համալսարան և Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտ միավորները իրականացնում են ամառային դպրոցներ սփյուռքահայերի հսկայական ներգրավմամբ:
- SASTIC նախաձեռնությունը միավորել է հարյուրից ավել սփյուռքահայ պրոֆեսիոնալների, որոնք կանոնավոր կերպով ուսումնասիրում են Հայքի զարգացմանը նպաստող նախագծեր և խոստանում են ֆինանսական և ինտելեկտուալ աջակցություն:
- The Future Armenian, Armenians Forward, United AIO նախաձեռնությունները հրավիրում են քննարկումների՝ նոր համագործակցությունների շուրջ:
Վերջին ամիսներին ինքս մասնակցել եմ մի քանի տասնյակ ոչ հրապարակային զրույցների, որտեղ քննարկվել են հայության տարբեր հատվածների առավել արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ ամենատարբեր հարցեր: Այս հոդվածում կփորձեմ շարադրել այդ զրույցների արդյունքում ինձ մոտ ձևավորված «միջանկյալ եզրակացությունը»:
Հայաստանի և Սփյուռքի փոխգործակցության ինտերֆեյսները այսօր |
Հիմնական խոչընդոտը
Այսպես, Սփյուռքում իրոք կա կուտակված հսկայական մարդկային ռեսուրս, որն առայժմ չի մասնակցում Հայքի զարգացմանը: Նշվում են բազմաթիվ խոչընդոտներ, ինչպես օրինակ համընդհանուր մեծ նպատակի բացակայությունը կամ Սփյուռքի՝ Հայաստանի կառավարման գործընթացներին մասնակցության անհնարինությունը: Ամենևին չնսեմացնելով այս հարցերի նշանակությունը, պնդում եմ, որ նույնիսկ գործող պայմաններում ահռելի հնարավորություններ կան Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության համար․ կան բավականաչափ հարցեր, որոնց շուրջ բոլորս կամ գոնե շատերս ունենք համաձայնություն, և այդ հարցերից շատերի լուծման համար իրավական խոչընդոտներ գրեթե չկան:
Ուրեմն ի՞նչն է խանգարում: Իմ համոզմամբ, ամենամեծ խոչընդոտը հայության տարբեր օղակների միջև համագործակցության ինտերֆեյսների անհամապատասխանությունն է: Այն օղակը, որն ունի վառվող խնդիր, և այն օղակը, որն ի վիճակի է լուծել այդ խնդիրը, միմյանց չեն հասկանում․ խոսում են տարբեր «լեզուներով», ունեն տարբեր պատկերացումներ վստահության վերաբերյալ, նախընտրում են գործել միմյանց հետ չհատվող կոմֆորտի գոտիներում: Այս պայմաններում օղակների միջև համագործակցությունը չի կայանում, երբեմն նույնիսկ մեկ հոդաբաշխ խոսակցություն չի ստացվում:
Բերեմ պատկերավոր անալոգիա: Պատկերացրեք՝ մենք գտնվում ենք Երևանում, ծովի մակարդակից 800-1200մ բարձրության վրա և նպատակ ունենք բարձրանալ Աժդահակի գագաթը՝ 3597մ: Բոլորս Հայաստանում ունենք գիտելիք և փորձ, թե ինչպես են բարձրանում 800մ-ից մինչև 1200մ: Միայն եզակի մարդիկ գիտեն մինչև 2500մ բարձրանալ: Փոխարենը, ունենք Սփյուռքում գործող մասնագետներ, որոնք հսկայական փորձ ունեն 2000մ բարձրության վրա գտնվող հազարավոր մարդկանց 3000մ հասցնելու գործում: Նաև ունենք մասնագետներ, որ պարբերաբար 3000-ից բարձրանում են գագաթ՝ 3597մ, և երբեմն էլ իրենց կողմից մի քար են ավելացնում գագաթին: Այս մարդկանց մասին ամեն օր գրում է միջազգային մամուլը:
Աժդահակի գագաթին |
Ի՞նչ է տեղի ունենում: Գագաթին աշխատող մարդիկ սովոր են, որ աշխարհի տարբեր երկրներից բիզնեսմեններ, պաշտոնյաներ և հանրային գործիչներ (հիմնականում 2500-3000մ-ի վրա գտնվող) դիմում են իրենց ամենատարբեր հարցերով, խնդրում են աջակցություն, ուրախանում են իրենց հետ մի քանի ժամ զրույցի հնարավորության համար: Իսկ Հայաստանում, 1000մ-ի շուրջ ապրող մարդիկ իրենց հետ շփումից խուսափում են կամ դիմում են 1100-ից 1200մ բարձրանալու հետ կապված «անհետաքրքիր» հարցերով: Գագաթին աշխատող մարդիկ կամ հիասթափվում են հարցերի «մանրությունից», կամ վիրավորվում վերաբերմունքի պակասից: 1200մ-ի խնդիրներ ունեցողներն էլ նրանց պիտակավորում են որպես մեծամիտ կամ անհայրենիք կոսմոպոլիտներ:
2000մ-ից 3000մ բարձրացնող մարդիկ որոշ չափով կարողանում են շփվել 1200մ-ում գտնվողների հետ, սակայն դա ևս հազվադեպ է վերաճում համագործակցության: Որոշ դեպքերում 1200մ-ում գտնվողները չեն ցանկանում խոստովանել, որ իրենք այդքան հեռու են 3000մ-ից: Դա պաշտպանական ռեակցիա է, հաճախ՝ կորպորատիվ շահով պայմանավորված («ներսի թերությունները դուրս չենք հանում»): Այդ տիպի մարդկանց իրենց իրական «բարձրության» մասին հիշեցնելը ընկալվում է որպես վիրավորանք․ մեկնաբանում են այնպես, թե դիմացինը մերժում է իր արդարացի ջանքերը՝ 1000մ-ից 1200մ հասնելու գործում: Առավել ծայրահեղ դեպքերում, երբ մարդիկ տասնամյակներով մնացել են 1100-1200մ հատվածում, արդեն ներքուստ սկսում են ժխտել 1500մ-ից բարձր սարերի գոյությունը: Մյուս կողմից, 2000մ-ից ներքև աշխատելու փորձ չունեցող մարդիկ չեն ցանկանում դուրս գալ իրենց կոմֆորտի գոտուց և տարիներ նվիրել 1200-ից 2000մ անցմանը․ ասում են «երբ որ հասնեք 2000մ, մենք կօգնենք»:
Նաև քիչ չեն դեպքերը, երբ 2000մ-ին սովոր սփյուռքահայերը բոլոր հայաստանցիներին վերաբերվում են որպես 1000մ-ից ավել չտեսած մարդկանց, և նույնիսկ 2500մ+ գտնվող մարդկանց խորհուրդներն են անտեսում:
Միմյանց չհասկանալու, տարբեր լեզուներով և կոնցեպտներով խոսելու փայլուն օրինակ է ռազմարդյունաբերության ֆինանսավորման վերաբերյալ այս զրույցը:
Լուծումը
Լուծումը, ըստ իս, ունի պարզ ձևակերպում, բայց իրականացումը բավական աշխատանք է պահանջում: Հայության տարբեր օղակները պետք է առանձնահատուկ ջանք գործադրեն դիմացինին հասկանալու, դիմացինի վիճակի մեջ մտնելու, այդ վիճակին համապատասխան երբեմն նույնիսկ տհաճ, կոմֆորտի գոտուց դուրս բերող քայլեր անելու համար: Բերեմ երկու օրինակ իմ անմիջական շրջապատից:
Ներքևից վերև
2019-ի օգոստոսին ես և Երևանէնի աշխատակից Կարենը մասնակցում էինք ACL 2019 գիտաժողովին՝ հյուրի կարգավիճակով: Դա բնական լեզվի մշակման ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր գիտաժողովն է: Լսում էինք գիտաժողով անցած աշխատանքները, և զգում, թե որքան հեռու ենք այդ մակարդակի գիտության մեջ ներդրում ունենալուց: Ներկա էր Հարավային Կալիֆորնիայի համալսարանից Արամ Գալստյանը, ում հարցրեցինք, թե ինչպես կարող ենք այս ոլորտում այս մակարդակի աշխատանքների մեջ ներգրավվել: Գալստյանը առաջարկեց ծանոթանալ իր ամերիկացի գործընկերոջ հետ, ով այդ գիտաժողովի մշտական մասնակիցներից է: Ծանոթացանք, գործընկերը մեզ համար մի խնդիր ձևակերպեց և խոստացավ պարբերաբար շփվել մեզ հետ:
Հետագայում պարզվեց, որ իր համար ընդունելի շփումը առավելագույնը շաբաթական մեկ ժամ է: Ընդ որում՝ ձևաչափը այնպիսին է, որ շփվելը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ նոր ասելիք ունենք: Դա իր աշխատանքի ոճն է, այդ թվում իր ասպիրանտների հետ: Այդ ինտեսնիվությամբ շփումը բավարար չէր, որ մենք կարողանանք մրցունակ գիտական արդյունք ստանալ: Ուստի, ասելիք էլ չէինք ունենում ու փաստացի շփվում էինք երկու ամիսը մեկ ժամ: Անցավ ութ ամիս, ու հասկացանք, որ մեզ տրված խնդրում էական առաջընթաց գրանցել չենք կարողանում: Անցանք այլ խնդիրների, ստացանք որոշ արդյունքներ, որոնք, ինչպես պարզեցինք հետագայում, արդեն ստացվել էին այլ գիտնականների կողմից: Միայն 2020թ․ դեկտեմբերին Կարենին հաջողվեց մի արդյունք ստանալ, որը հաճելիորեն զարմացրեց մեր գործընկերոջը: Անմիջապես շփումները դարձան շաբաթական․ նա օգնեց մեզ գրել հոդվածը և ուղարկել այն նույն ACL գիտաժողովին: 2021-ի ապրիլին պարզվեց, որ հոդվածը ընդունվել է տպագրության: Այսպես, երկու տարվա աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց հասնել այնպիսի վիճակի, որ արդեն կարողացանք օգտվել մեր գործընկոջ աջակցությունից:
Վերևից ներքև
2012թ․ Ռուբեն Մեսչյանը աշխատում էր Բոստոնում մի ընկերությունում որպես առաջատար ինժեներ: Որոշեց տարվա մեջ մի քանի շաբաթ անցկացնել Հայաստանում և դասախոսություններ կարդալ: Լինելով իր ոլորտի ամենաբարձրակարգ մասնագետներից մեկը (3000մ+), իր դասախոսությունները ամենաբարդ թեմաների շուրջ չէր կառուցում: Ընդհակառակը, ուսանողներին մատուցում էր Javascript ծրագրավորման լեզվի վերաբերյալ ամենանախնական գիտելիքը (800մ-900մ): Բացահայտ հիացմունք էր հայտնում, երբ տեսնում էր, որ լսարանում մեկը ծանոթ է ավելի բարդ (1200մ) կոնցեպտների: Առավել բարդ գիտելիքներ ունեցող սակավաթիվ մասնակիցներին երբեմն նույնիսկ առաջարկում էր չգալ իր դասախոսություններին, քանի որ կարող են ձանրալի լինել: Այսինքն, Ռուբենի նպատակը լսարանում մի քանի 1200մ+ բարձրության վրա գտնվողներին հայտնաբերել, «առանձնացնել» և արագ աճեցնելը չէր: Իր նպատակը մեծ թվով մարդկանց 800մ-ից 1500մ հասցնելն էր: Մի քանի շաբաթ տևողությամբ սեմինարների շարքից հետո վերադառնում էր Բոստոն, անցնելով իր 3000մ+ գործունեությանը:
Հաջորդ տարիներին այցերը դարձան ավելի ու ավելի երկար, մինչև մի քանի տարի անց լիարժեք տեղափոխվեց Հայաստան: Սեմինարների շարքը աստիճանաբար վերածվեց համալսարանական դասընթացի, իսկ 2020-ից՝ հայալեզու անվճար և բարձրակարգ կրթական բովանդակության: Արդեն 2018-ից Հայաստանում անցկացվում են Javascript լեզվի վերաբերյալ համաժողովներ, որոնց մասնակցում են մինչև հազար ծրագրավորողներ ու քննարկում բացառապես 2000մ+ թեմաներ: Ռուբենը նաև այդ համաժողովների կազմակերպիչներից է:
Այս օրինակները ցույց են տալիս, որ համապատասխան ջանքեր գործադրելու դեպքում արդյունավետ փոխգործակցության հասնելը միանգամայն իրատեսական է: Դրան էապես նպաստում են մարդկանց անմիջական շփումները, ուստի հայաստանցիների այցերը աշխարհի հայաշատ վայրեր և սփյուռքահայերի այցերը Հայաստան կրիտիկական նշանակություն ունեն: Կարևոր է նաև համբերությունը և հաստատակամությունը:
Ամփոփելով, մենք բոլորս պիտի ժամանակ և էներգիա հատկացնենք միմյանց ինտերֆեյսները հասկանալու և սեփական ինտերֆեյսները ձևափոխելու համար: Ամեն մի այդպիսի ձևափոխություն կարող է բերել մի նոր համագործակցության և մի կոնկրետ խնդրի լուծման: Եթե նաև կարողանանք այդպիսի հաջող ձևափոխությունների փորձերը պատմել միմյանց, ապա ամեն հաջորդ նման փոխգործակցությունը ավելի հեշտ և արագ կիրականանա:
Փոխգործակցության ինտերֆեյսների անհամապատասխանության օրինակ է գրավոր լեզուն: Այս տեքստը գրել եմ հայերեն, չնայած թիրախային լսարանի էական մասը չի կարդում կամ նույնիսկ չի խոսում հայերեն: Խնդրում եմ օգնել այս հոդվածը թարգմանել այլ լեզուներով: