Monday, August 17, 2020

2020թ․ օգոստոսի 6-ին բոլոր լրատվամիջոցները տարածեցին մի հաղորդագրություն, որում խոսվում էր Չինաստանի կողմից Հայաստանում «խելացի քաղաք» կառուցելու նախաձեռնության մասին: Լուրն ուղեկցվում էր «10-15 մլրդ ԱՄՆ դոլար» արտահայտությամբ: Սա առիթ դարձավ, որ թղթին հանձնեմ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում արվող ներդրումների մասին մտքերս, ինչը, հուսով եմ, կօգնի բոլորիս ավելի կայուն լինել աղմուկի նկատմամբ և կօգնի կենտրոնանալ արժեքավոր գործընթացների վրա:

Mergelian Insititute
Մերգելյան ինստիտուտի շենքը տիեզերքից: (c) Google Maps

Չինական ներդրումի մասին

Օգոստոսի 6-ին ստորագրվել է ինչ-որ համաձայնության փաստաթուղթ: Ստորագրման տեսագրությունը կարող եք տեսնել այստեղ: Այդ օրվանից սկսած բավական ջանք թափեցի հասկանալու համար, թե ինչ է սա, հատկապես, որ իմ կողմից շատ հարգված մարդիկ մեծ ուրախությամբ այս նյութը ուղարկեցին ինձ: Պատմեմ, թե ինչ եզրակացության եկա, և որ էլ ավելի կարևոր է՝ ինչպես:

  1. Նախ, հետաքրքիր էր նկատել, որ շատ լրատվամիջոցներ տարածում էին գրեթե նույն տեքստը: Օրինակ, եթե news.am-ի լուրից վերցնենք մի արտահայտություն և փնտրենք Google-ում, ապա նույն տեքստը կգտնենք tert.am-ում, yerevan.today-ում, iravunk.com-ում, infoport.am-ում (?): Իսկ a1plus-ի դրած տեքստը կարելի է գտնել lurer.com-ում, interlur.com-ում (?): Սա սովորաբար նշանակում է, որ այս տեքստը գրել են ոչ թե լրագրողները (իրենց տեսածի, հասկացածի հիման վրա), այլ սա մամուլի հաղորդագրության պես բան է, հավանաբար միջոցառման կազմակերպիչների կողմից գրված:

  2. Ո՞ւմ միջև է ստորագրվել համաձայնագիրը: Ըստ հաղորդագրության, մեր կողմից՝ ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության, իսկ չինական կողմից՝ Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիայի և Չինաստանի տեխնիկական զարգացման ընկերության: Ինձ չհաջողվեց հայտնաբերել այդպիսի անուններով չինական կառույցներ, գուցե անհաջող են թարգմանել կամ ես չեմ գտնում անգլերեն համարժեքները:

  3. Փորձենք հասկանալ, թե ինչ է ԱԴԿԱՌՍը: Ըստ իրենց կայքի, ԱԴԿԱՌՍը Հայաստանի զարգացմամբ զբաղվող կառույց է, որի կայքը կա 2010 թվականից: Կայքում կա նորությունների բաժին, որտեղից կարելի է ծանոթանալ գործակալության գործունեության հետ:

  4. Առաջին լուրը 2011-ից է, երբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Արցախի ներկայացուցիչների հետ գնացել են Մոսկվա, տեղի բիզնես շրջանակներին ներկայացնելու Արցախում տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները: 2011-ին ես ոչինչ չգիտեի հայրենի տեխնոլոգիական համայնքի մասին, ու դժվարանում եմ գնահատել, թե ինչքանով էր այս այցը օգտակար: Նկարներում իրոք երևում է EIF-ի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը: Խոսվում է Արցախում տեխնոպարկի մասին․ չգիտեմ նման բան երբևէ եղել է, թե ոչ:

  5. Ըստ կայքում տեղադրված երկրորդ լուրի՝ 2013 թվականին ԱԴԿԱՌՍը կազմակերպել է ՖԻԴԵ-ի նախագահ Իլյումժինովի այցը Թումո կենտրոն: Այցի ընթացքում բանակցություններ են եղել Թումոյում շախմատի կենտրոն բացելու մասին: Իմ ունեցած տեղեկություններով Թումոյում շախմատի կենտրոն երբեք չի եղել:

  6. Իսկ ահա երրորդ լուրն արդեն ներդրումների մասին է: 2015 թվականին հայտարարվել է, որ Հայաստանում սկսվում է LED լամպերի արտադրություն: Շնորհանդեսին ներկա են եղել Կորեայից հյուրեր, նաև մեր էկոնոմիկայի այն ժամանակվա փոխնախարարը: Ներդրողներն են ԱԴԿԱՌՍը, կորեական Blusafir Korea և KoreaSUNLED ընկերությունները: Հայաստանում հիմնադրվող ընկերության անունն է AMBUKO: “AMBUKO LED” բանալի բառերով Google-ը ոչ մի ընկերության հետ կապված էջ չի բերում, բացի ADKARS-ի կայքից, ինչից ենթադրում եմ, որ այդ գործարանը այդպես էլ չի ստեղծվել: Ըստ այս էջի, Blusafir Korea անունով ընկերություն կա, որը ոչ թե կորեական արտադրող է, այլ զբաղվում է կորեական արտադրանքի արտահանմամբ դեպի Ռուսաստան և ԱՊՀ երկրներ: Korea SUNLED անունով արտադրող ընկերություն իրոք կա, և ունի իր էջը Ալիբաբայում: Այսինքն, կարող ենք ենթադրել, որ Sunled ընկերությունը կարող էր հետխորհրդային շուկայի վրա կենտրոնացած Blusafir ընկերության միջոցով Հայաստանում արտադրություն սկսել: Բայց, ինչպես տեսնում ենք, չի ստացվել, կամ առնվազն ինձ չհաջողվեց գտնել կորեական ներդրումով ՀՀ-ում LED լամպերի արտադրության որևէ փաստ:

  7. Ես, ընդհանրապես ասած, չեմ զարմանա, եթե Չինաստանի կառավարությունը որոշի լուրջ ներդրում անել Հայաստանի գիտաարտադրական ոլորտում: Մետաքսի ճանապարհի գաղափարի տարբեր ռեինկարնացիաները, որ ակտիվորեն զարգացվում են Չինաստանի կողմից, կարող է արտահայտվել նաև այսպիսի ծրագրերի տեսքով: Բայց շատ կզարմանամ, եթե որպես նման ներդրումների համար հայաստանյան գործընկեր ընտրեն մի կազմակերպություն, որը տաս տարվա ընթացքում չի հաջողել որևէ էական նախագիծ, բացի տարբեր մարդկանց այցեր կազմակերպելուց: Անվստահելի գործընկերոջ հետ մեծ նախագիծ անելը նախագիծը արժեզրկելու լավագույն ճանապարհն է: Շնորհանդեսի ընթացքում կազմակերպությանը չհաջողվեց հուսալի ձայնային կապ ապահովել չինական կողմի հետ․ մյուս կողմի խոսքը ընդհանրապես չէր լսվում:

  8. Բայց շատ անհանգստանալու կարիք չեմ տեսնում: Ամենակարևոր ինդիկատորը, որ ցույց է տալիս, որ այս նախագիծը լուրջ չէ, դա այս ամբողջ գործընթացում ՀՀ-ում Չինաստանի դեսպանի բացակայությունն է: Ես հասկանում եմ, որ Չինաստանը մեծ երկիր է ու չինացիները շատ նախագծեր կարող են անել Հայաստանում, բայց ոչ այնքան, որ տաս միլիոն դոլարանոց ներդրման ներկայացմանը դեսպանը երկար ելույթ չունենար ու հետո հարցազրույցներ չտար: Էլ չեմ ասում՝ տաս միլիարդ :)

Ինչպե՞ս ներդրում անել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Միանգամից նշեմ, որ ես մեծածավալ ներդրումների մասնագետ չեմ ու շատ քիչ տեղեկություն ունեմ այսպիսի գործընթացների մասին: Այնուամենայնիվ, փորձեմ շարադրել իմ պատկերացումները և հուսալ, որ ավելի փորձառու ընթերցողները կուղղեն սխալները:

Կամայական խելացի քաղաքում, տեխնոպարկում, տեխնոլոգիական գերազանցության կենտրոնում պետք է աշխատեն մարդիկ: Որևէ վայրում նման կենտրոն կառուցելու որոշումը պայմանավորված է լինում այդպիսի մարդկանց առկայությամբ (և ոչ թե նրանով, որ, օրինակ, այդ գյուղում է ծնվել ռուսական ավիաինդուստրիայի գիգանտներից մեկի գլխավոր կոնստրուկտորը մեկ դար առաջ): Ներդրում անողը շինարարություն սկսելուց առաջ կամ գոնե դրան զուգահեռ սկսում է հարաբերություններ հաստատել այդ մարդկանց հետ:

Հարաբերությունների բնույթը կապված է գործունեության տեսակից: Եթե ներդրողը հետաքրքրված է նորարարական ձեռներեցությամբ, ապա ստեղծում է վենչուրային հիմնադրամներ, որոնք փորձում են հայտնաբերել զարգացման տարբեր փուլերում գտնվող հետաքրքիր ընկերություններին և ներդրումներ անել: Հաճախ նաև ստեղծվում են աքսելերատորներ, որոնք օգնում են նոր սկսող ձեռներեցներին: Որոշ ներդրողներ հետաքրքրված են լինում գիտական պոտենցիալի ակտիվացմամբ, ինչը ապագայում կարող է օգնել ինչպես արդեն գործող ընկերությունների խնդիրների լուծմանը, այնպես էլ նոր ընկերությունների ստեղծմանը: Այդ դեպքում հայտարարվում են հետազոտական գրանտներ, ֆինանսավորվում են գիտաժողովներ և գիտնականների այցեր տարբեր ուղղություններով:

Իմ համոզմամբ, քանի դեռ նման հարաբերությունների կառուցման ուղղությամբ քայլեր չեն երևում, ներդրումների մասին խոսակցությունները չարժե լուրջ ընդունել: Քննարկենք մի քանի օրինակներ մեր իրականությունից:

SmartGate

SmartGate-ը վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում գիտատար (կամ ինչպես իրենք են ասում՝ deep tech) ընկերություններում՝ ձևավորման համեմատաբար վաղ փուլերում: 2017-ից սկսած շուրջ 20 ներդրում են արել հայկական ծագման ընկերություններում: SmartGate-ի թիմը նաև կազմակերպում է աքսելերացիոն ծրագրեր նորաստեղծ ընկերությունների համար, ինչն անցնող ընկերությունների մի մասում հետագայում ներդրումներ է անում: Արդյունքում, արդեն հասել են այն վիճակին, որ կամայական ընկերություն, որը ներդրումների կարիք է ունենում, վաղ թե ուշ առնչվում է իրենց թիմի հետ:

Գիտության մեջ ուղղակի ներդրումներ SmartGate-ը չի կատարում: Բայց քանի որ ապագայում գիտատար ընկերությունների առաջացումը կապում են գիտության վիճակի հետ, որոշ քայլեր անում են: Օրինակ՝ մասնակցում են STCC համաժողովի կազմակերպմանը, որտեղ հրավիրում են արտերկրում աշխատող հայազգի գիտնականների, փորձում են նպաստել արտասահմանից երիտասարդ հետազոտողների վերադարձին, նաև գիտական խմբերին օգնում են խորհրդատվությամբ (այդ թվում YerevaNN-ին):

Այս ամբողջ գործունեության համար իրենց բավարարում է երեք հարկանի առանձնատունը Երևանում: Իհարկե, իրենց կողմից ներդրում ստացած ընկերությունները մեծանալով տեղափոխվում են այլ շենքեր: Եթե որոշեին բոլորին պահել մի տարածքում, մեկ-երկու շենք (բայց ոչ թաղամաս կամ քաղաք) պետք կգար: Շենքային պայմանների պահանջը ավելի կմեծանա, երբ ընկերությունները կարիք ունենան թանկարժեք լաբորատորիաների կամ արտադրական տարածքների:

Philip Morris International

Ֆիլիպ Մորիսը ունի խոշոր հետազոտական բաժանմունք, PMI Science, որի նպատակն է սպասարկել ընկերության հետազոտական պահանջները: 2017-ից սկսեցին աշխատել նաև Հայաստանում: Իրենց գործունեությունը ևս բավական ուշագրավ է: Առաջին հերթին, իրենք ունեն կոնկրետ խնդիրներ, որոնց լուծումները կարող են տալ հայաստանցի գիտնականները: Այդ խնդիրների շուրջ PMI-ը հետազոտական պատվերներ է տալիս գիտական խմբերին և առանձնապես չի հանրայնացնում մանրամասները: Ինձ հասած տեղեկություններով իրենք նաև ֆինանսավորում են գիտական ինստիտուտներին նոր սարքավորումներ գնելու հարցում, որոնք տեղադրվում են հենց ինստիտուտներում:

Մյուս կողմից, իրենք շարունակում են հարաբերությունները ուժեղացնել գիտական համայնքի հետ: Տրամադրում են ասպիրանտական կրթաթոշակներ ու հետազոտական գրանտներ բավական լայն թեմաներով: YerevaNN-ը ևս այդպիսի մի գրանտ ստացել է: Հատկանշական է, որ այս «հանրային» քայլերը իրենք անում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջոցով, սեփական թիմ չեն պահում: Սա լավագույնս ցույց է տալիս, որ ՀՀ գիտական կամ ձեռնարկատիրական համայնքի հետ աշխատելու համար պարտադիր չէ ստեղծել սեփական թիմեր, կարելի է օգտագործել արդեն գոյություն ունեցող համակարգերը:

PMI-ի այսպիսի ակտիվությունը, չնայած մնում է անհայտ հանրության լայն շրջանակների համար, միանգամայն բավարար է, որ երկրի բոլոր, օրինակ, քիմիկոսները տեղյակ լինեն իրենց մասին և վստահ լինեն, որ եթե ցանկություն ունենան լուծել ընկերության խնդիրները, ապա ընկերությունը պատրաստ է առնվազն քննարկել համագործակցության հնարավորությունը:

FAST հիմնադրամ

Այս իմաստով գրեթե հակառակ պատկերն է FAST հիմնադրամի դեպքում․ FAST-ի մասին գիտեն բոլորը: Իրենց կազմակերպած ամենամյա ֆորումներին մասնակցում է երկրի բարձրագույն ղեկավարությունը, ամեն ինչ լուսաբանվում է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Սակայն գիտական համայնքի հետ փոխադարձ վստահության միջավայր ձևավորել, իմ տպավորությամբ, դեռևս չի ստացվում: FAST-ը նախորդ 2.5 տարիների ընթացքում երկու հիանալի նախագիծ է արել, որ կարելի է համարել ներդրում գիտության մեջ․ ասպիրանտական թոշակներ և հետազոտական այցերի գրանտներ (վերջինից օգտվել են նաև YerevaNN-ի աշխատակիցները): Երկուսն էլ այս պահին կասեցված են, ինչը կայունություն սիրող գիտնականների տեսակետից այնքան էլ լավ նշան չէ:

Փոխարենը, այս տարի նախատեսվում է ADVANCE ծրագրի մեկնարկը, որը, իմ համոզմամբ, Հայաստանի գիտության հետ առնչվող երբևէ մշակված լավագույն ծրագրերից մեկն է: Այն նպատակ ունի կապել Հայաստանում գործող երիտասարդ գիտնականներին ու ասպիրանտներին արտերկրի հայազգի պրոֆեսորների հետ: Ծրագրի մեկնարկը ձգձգվում է, բայց հույս ունեմ, որ FAST-ին կհաջողվի հաղթական ավարտին հասցնել այս նախագիծը, ինչը փայլուն հնարավորություն է նոր փոխվստահության հարթակ ստեղծել Հայաստանի գիտական համայնքի, FAST-ի և արտերկրում աշխատող հայ գիտնականների միջև:

FAST-ը ինձ հայտնի միակ կառույցն է Հայաստանում, որը փորձում է թիրախավորել գիտությունից մինչև ձեռներեցություն ամբողջ սպեկտրը: 2018-ի սկզբում հայտարարվեց հրեշտակ ներդրողների նոր ցանցի մասին, որն առայժմ, ցավոք, զարմանալիորեն պասիվ է (ինձ հայտնի է միայն երկու ներդրում այս երկու տարում, գուցե ևս երկու-երեքը լինեն, որ չգիտեմ): Փոխարենը, բավական հետաքրքիր է ASCENT նախագիծը, որն ինչ-որ իմաստով ամերիկյան Flagship Pioneering-ի անալոգն է Հայաստանում: Flagship-ը, ի տարբերություն «ավանդական» վենչուրային ֆոնդերի, չի սպասում, որ ընկերությունները առաջանան, որ իրենք ներդրում անեն: Ընդհակառակը, իրենք աշխատանքի են ընդունում մեծ թվով հետազոտողների, ձևավորում են թիմեր, և պայմաններ են ստեղծում հերթական խոստումնալից արտադրանքը ստեղծելու համար: Հաջողակ թիմերի հիման վրա ձևավորվում են նոր ընկերություններ, որոնց որոշակի մասնաբաժինը հենց սկզբից պատկանում է Flagship Pioneering-ին: Եթե չեմ սխալվում, այդպես է առաջացել Moderna ընկերությունը, որը վերջերս ԱՄՆ կառավարության հետ $1.25մլրդ արժողությամբ պայմանագիր կնքեց: Ես սկզբում չէի հավատում, որ այս ձևաչափը Հայաստանում կաշխատի, սակայն, ըստ ինձ հասած տեղեկությունների, բավական լավ առաջընթաց կա:

FAST-ը ևս պարբերաբար շրջանառում է ինովացիոն կամպուս կամ ամբողջական թաղամաս կառուցելու գաղափարը, սակայն այս ուղղությամբ աշխատանքներ ինձ հայտնի չեն:

ATOM նախագիծ

Մեկ այլ բարձր տեխնոլոգիական քաղաքի մասին անընդհատ լսում ենք հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանից: Այն կրում է ATOM (Advanced Tomorrow) անվանումը: Այս նախագծի մասին նախագահը խոսում է Հայաստանում, Իսպանիայում, Դավոսում, Կատարում և այլուր:

Չնայած որ ATOM-ի անվան հետ հաճախ հիշատակվում են աշխարհահռչակ խոշոր ընկերությունների անուններ (IBM, Siemens, Thales, Dassault և այլն), այնուամենայնիվ այստեղ աշխատողները պետք է որ հայաստանցիներ լինեն: Հայաստանյան գիտական համայնքի հետ հարաբերությունները, դատելով լրատվամիջոցներում երևացող նյութերից, կառուցվում են երկու ճանապարհով: Նախ, կազմակերպվում են միջազգային անվանի հյուրերի մասնակցությամբ ֆորումներ, ինչը վախենալու աստիճանի նմանվում է FAST-ի կազմակերպած շքեղ ֆորումներին, և պարզ չէ, թե ինչպես է ընկալվում գիտական հանրության կողմից: Երկրորդը, նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում, օրինակ, ԵՊՀ խոստումնալից ուսանողներին, ինչը միանշանակ ողջունելի է: Իսկ ահա գործող գիտնականների հետ շփվելու երկու լավ առիթ վերջին շրջանում նախագահը բաց թողեց: Մեկը՝ ANSEF հիմնադրամի շուրջ ծագած խնդրի հետ, մյուսը՝ Օրգանական և դեղագործական քիմիայի կենտրոնի հետ կապված հարցում, ինչը այնքան էլ լավ չընկալվեց գիտական համայնքի կողմից:

Արտասահմանյան փորձ․ Simon’s Institute for the Theory of Computing

Խելացի քաղաքների միջոցով երկրում ներդրումներ կատարելու փորձ աշխարհում և նույնիսկ մեր (լայն իմաստով) տարածաշրջանում շատ կա: Դրանցից յուրաքանչյուրը արժանի է մանրամասն ուսումնասիրության, ինչը բարդ աշխատանք է: Դրա փոխարեն ուզում եմ մի փոքր գրել մի ամերիկյան նախագծի մասին, որի մասին նոր եմ իմացել, իսկ վերջերս որոշ մանրամասներ եմ պարզել Քեմբրիջի համալսարանում ասպիրանտ Հայկ Սարիբեկյանից:

2012 թվականին Simons հիմնադրամը $60մլն հատկացրեց նոր ինստիտուտի ստեղծման համար: Որքան էլ տարօրինակ է, այդ գումարը չծախսվեց շենք կառուցելու վրա, փոխարենը ինստիտուտը տեղավորվեց Բերկլիի համալսարանի մասնաշենքերից մեկում: Ինստիտուտի նպատակը տեսական ինֆորմատիկայի զարգացումն է: Ինստիտուտի հիմնադիր տնօրեն էր նշանակվել խոշորագույն մաթեմատիկոս Ռիչարդ Կարպը (իր մշակած ալգորիթմները վաղուց դասավանդվում են, օրինակ, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում):

Ինստիտուտը աշխատում է բավական անսովոր ձևաչափով: Յուրաքանչյուր գիտնական կարող է առաջարկել հետազոտության թեմա: Ինստիտուտի ղեկավարությունը տարին երկու անգամ հավաքվում և ընտրում է առաջարկվածներից երկուսը: Ընտրված թեմաներից յուրաքանչյուրի համար հատկացվում է մեկ կիսամյակ, որի ընթացքում աշխարհի տարբեր տեղերից ինստիտուտ են ժամանում այդ թեմայով աշխատող 60-70 գիտնականներ՝ ամենատարբեր տարիքի և փորձառության: Նշվում է, որ այցելող երիտասարդ գիտնականների բոլոր ծախսերը ծածկում է ինստիտուտը: Փորձառու պրոֆեսորների մասով լավ չհասկացա, հավանաբար իրենք ֆինանսավորման սեփական աղբյուրներն են ունենում: Կիսամյակի ընթացքում կազմակերպվում են աշխատաժողովներ, որոնց մասնակցում են շատ ավելի մեծ թվով մարդիկ:

$60մլն-ը նախատեսված է տաս տարվա համար: Մեկ շաբաթ առաջ հայտարարվեց, որ հաջորդ տասնամյակի համար հիմնադրամը ևս $35.5 գրանտ է տրամադրել: Սա նշանակում է, որ տարեկան $4-6մլն ծախսելով կարելի է ստանալ տվյալ ոլորտում աշխարհի լավագույն հետազոտական նախագծերից մեկը: Միայն թե այդ ծախսը պետք է լինի ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական:

Իհարկե, խոսքը տեսական գիտությունների մասին է: Նաև պետք է հաշվի առնել, որ սա Բերկլիում է, ինչը մի կողմից գիտնականների համար «հասկանալի» և հարմար վայր է, բայց կենցաղային ծախսերի տեսակետից աշխարհի ամենաթանկ վայրերից է: Կարծում եմ, որ այսպիսի անսովոր ֆորմատներով աշխատող համակարգեր էապես ավելի փոքր բյուջեով հնարավոր կլինի կազմակերպել նաև Հայաստանում: Ի դեպ, սրա շատ ավելի փոքր տարբերակը անցյալ տարի փորձարկվեց այստեղ: Լիանա Եփրեմյանը, Փերուզ Թասլաքյանը և Բրյուս Ռիդը Լոռու մարզում կազմակերպել էին մեկշաբաթյա աշխատաժողով նվիրված գրաֆների տեսությանը, որին մասնակցում էին 20-ից ավել հետազոտողներ ամբողջ աշխարհից և մի քանի ասպիրանտ Հայաստանից: Այս օրինակը ցույց է տալիս, որ համապատասխան ներդրումների դեպքում նմանատիպ ծրագրեր կազմակերպելու պոտենցիալ աշխարհասփյուռ հայկական գիտական համայնքը այսօր ունի:

Ծախսերը ավելանում են գիտության այն ճյուղերի համար, որոնք պահանջում են թանկարժեք սարքավորումներ: Օրինակ, Հայկական Գենոմ նախագիծը, որը, չնայած դրամատիկ անվանը, Հայաստանում ԴՆԹ սեքվենավորման ենթակառուցվածքների ստեղծման ծրագիր է, պահանջում է մոտ $10մլն, ինչը ներառում է թանկարժեք սարքավորման ձեռքբերում, համապատասխան շինության կառուցում, մասնագետների վերապատրաստում և մի քանի տարվա շահագործման ծախսեր: Նմանատիպ բյուջե լսել եմ նաև նանոտեխնոլոգիաների ոլորտում մի լաբորատորիայի նախագծի համար:

Որքան ներդրում է պետք Հայաստանի գիտությանը

Նորից շեշտեմ, որ ներդրումների կառավարումը իմ մասնագիտությունը չէ, և փորձեմ սիրողական գնահատական տալ:

Անձամբ ինձ համար այսօր հայաստանյան գիտական միջավայրում տեսանելի է 5 տարվա կտրվածքով $100մլն ներդրում «մարսելու» պոտենցիալ: «Մարսել» ասելով հասկանում եմ գումարի արդյունավետ ծախս, ինչի արդյունքում մեր այդքան սիրված գիտական պոտենցիալը կվերածվի լուրջ գիտական ուժի՝ միջազգային դաշտում մրցունակ գիտական արտադրանք տալու ունակ: Այդ արդյունավետ ծախսերը ներառում են նաև արտերկրում աշխատող հետազոտողների կազմակերպված հայրենադարձություն:

YerevaNN-ը, օրինակ, հինգ տարում կարող է մարսել մինչև $1.5մլն: Կարող եմ ենթադրել, որ երկրում կարող է լինել ևս $200մլն-ի պոտենցիալ, որն ինձ տեսանելի չէ: Սա իմ տպավորությունն է: Շնորհակալ կլինեմ, եթե գիտնական գործընկերներս ուղղեն ինձ: Ընդհանրապես, անհրաժեշտ է, որ մեր սեղանին մշտապես ունենանք տարբեր բյուջեներով ներդրումային նախագծեր, ամեն տեսակ պոտենցիալ ներդրողների համար:

Ի դեպ, ՀՀ գիտության տարեկան բյուջեն մոտ $30մլն է, ներառյալ ռազմարդյունաբերական հետազոտությունները: Այսինքն, բյուջեի կրկնապատկման և գումարների ճիշտ կառավարման դեպքում նույնիսկ առանց «արտաքին» ներդրումների կարելի է ապահովել գիտության շեշտակի զարգացում:

Գիտահեն ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների կամ «քաղաքի» կառուցման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը չեմ կարող գնահատել: