Երբ ՀՀ-ում հաստատված առաջին կորոնավիրուսի դեպքը տագնապ առաջացրեց ֆեյսբուքահայության մի հատվածի մոտ, զգացի, որ շատերի վախի հիմքը չինական կամ իտալական սցենարներն են, որոնք ամեն օր մատուցվում են հանրությանը մեծ կարմիր տառերով ու տարատեսակ breaking news-երով: Բայց, ինչպես գիտեք, աշխարհում 200+ երկիր կա, ու հետաքրքիր է տեսնել, թե ինչ սցենարներ են լինում այլ երկրներում:
Հիմնվելով Ջոնս Հոպկինսի համալսարանի մշակած կայքի տվյալների վրա, մի այսպիսի աղյուսակ պատրաստեցի, որտեղ երևում է ամեն երկրում ամեն օր գրանցված նոր վարակակիրների թիվը:
Կայքի տվյալները հեղինակները տեղադրում են Github-ում: Քաշել եմ այս CSV-ն, բացել Excel-ով, տվյալները խմբավորել ըստ երկրների (SUMIF-ով), ու հաշվել հաջորդական օրերի տարբերությունները: Ստացվածը ներկել եմ Conditional Formatting-ով: Ստացված ֆայլը կարելի է տեսնել Google Sheets-ում:
Ինչպես կամայական տվյալների համախումբ, այս աղյուսակը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Իմ ընկալմամբ, այստեղ առանձնանում են երկրների երեք խմբեր, որոնց պայմանականորեն կանվանեմ «անհաջողակ», «հաջողակ» ու «դեռևս անորոշ»:
«Անհաջողակ» երկրներ
«Անհաջողակ» երկրները նրանք են, որոնք «բաց են թողել» առաջին մի քանի հարյուր վարակվածներին ու հետո ստիպված են եղել ծայրահեղ միջոցների դիմել՝ միլիոնավոր մարդկանց չվարակելու համար: Դրանց մեջ, իհարկե, առանձնանում է Չինաստանը, որի հետ կապված միակ դրական լուրն այն է, որ վերջին օրերին նոր դեպքերի թիվը արդեն քառանիշ չէ: Իրենք վերջին երկու ամսում ֆանտաստիկ տպավորիչ մոբիլիզացիա ցուցադրեցին, իրենցից շատ բան ունենք սովորելու:
Ամեն դեպքում, Չինաստանը դրական օրինակ ներկայացնելով այլ երկրներին ծաղրելը մի տեսակ ջղայնացնում է: Ուրեմն, 2002-ին, երբ չղջիկներից կորոնավիրուսի հերթական տեսակը փոխանցվեց մարդկանց, աղբյուրը նույնն էր՝ Չինաստանի մեկ այլ քաղաքում գործող կենդանիների շուկան: Դրանից 17 տարի անց, 11 մլն բնակչությամբ Վուհան քաղաքի շուկայում շարունակում էին վաճառվել կենդանիներ, որոնք կենդանական աշխարհի բազմազան վիրուսները բերում էին մարդկանց մեծագույն կուտակումների մոտ: Այս վիրուսների ընտանիքի ամենահզոր մասնագետներից շատերը աշխատում են նույն Վուհան քաղաքի վիրոլոգիական ինստիտուտում, ու գիտական հոդվածներ էին գրում պոտենցիալ վտանգների մասին: Բայց միևնույնն է, շուկան շարունակում էր գործել․․․
Մյուս «անհաջողակ» երկրներն են Իրանը, Հարավային Կորեան ու Իտալիան: Այս երեք երկրներում ամեն օր ավելի շատ նոր դեպքեր են հայտնաբերվում, քան նախորդ օրը: Սա հավանաբար նշանակում է, որ տարածումը չի կանգնել և գուցե նույնիսկ արագանում է:
Շատ հետաքրքիր է նկատել, որ Կորեայում հայտնաբերված դեպքերի մեջ մահացությունը 0.5% է, Իտալիայում՝ 2.6%, իսկ Իրանում՝ 5.5%: Սրա միակ բացատրությունս այն է, որ Իրանում միայն ամենածանր դեպքերին են ստուգում, ու շատ մեծ թվով վարակակիրներ դեռ մնում են չստուգված: Այսինքն, իմ խորին համոզմամբ, Իրանում այս պահին 2-5 անգամ ավելի շատ վարակված կա, քան այն հազար հոգին են, ում կարողացել են հայտնաբերել ու թեստավորել:
Իտալիայում մի քանի փոքր քաղաքներ կարանտինի մեջ են, բայց չկարողացա պարզել, թե դա արդյունք տալիս է, թե ոչ: Պետք է հասկանալ, թե վերջին օրերի նոր դեպքերը կարանտինի տարածքում են հայտնաբերվել, թե այլ շրջաններում: Եթե այլ շրջաններում են, ապա նորից բաց են թողել մեկուսացնելու շանսը:
Հարավային Կորեայում, ըստ այս թվերի, շատ ինտենսիվ ստուգում են բոլորին ու հաջողությամբ հայտնաբերում են վիրուսակիրներին: Չնայած դրան, դեռ պարզ չէ․ իրավիճակը հսկողության տակ առել են, թե ոչ:
Կորեայի վիճակագրությունը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ տարիներ անց, երբ բավարար տվյալներ կլինեն այս վիրուսի մահացության տոկոսը հստակ գնահատելու համար, կպարզվի, որ այն 1%-ից պակաս է: Իսկ Չինաստանի Հուբեյ նահանգում գրանցված բարձր տոկոսը կբացատրվի հիվանդանոցների գերծանրաբեռնվածությամբ:
«Հաջողակ» երկրներ
«Հաջողակ» երկրների շարքում եմ դնում այն երկրներին, որտեղ վերջին երկու ամսում հայտնաբերվել են վիրուսակիրներ, հաջողությամբ մեկուսացվել են, ու հիվանդությունը չի տարածվել: Այս երկրների մասին երբեք լուրերով չեք լսի, քանի որ այդպիսի լուրերը անհամեմատ քիչ տրաֆիկ են բերում և գովազդից ստացվող եկամուտները նվազում են: Իսկ ինչպես գիտեք, the best minds of my generation are thinking about how to make people click ads:
Ֆեյսբուքում աչքովս ընկել է Սինգապուրի մասին մի գրառում ու վերջ: Բայց այսպիսի երկրները շատ են: Տեսեք․ Սինգապուր, Հոնկ-Կոնգ, Թայլանդ, Թայվան, Ավստրալիա, Մալայզիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կանադա, Վիետնամ, Մակաո․ այս երկրներում դեռ հունվարից հայտնաբերվել են դեպքեր, բայց վիրուսը չի տարածվել: Այս երկրներից յուրաքանչյուրում առնվազն տաս դեպք կա հաստատված: Սինգապուրում նույնիսկ 100+ դեպք կա, ու դեռ ոչ մի մահ: 72-ը արդեն բուժվել ու դուրս են գրվել: Մի քանի երկրում մեկ-երկու մահ է գրանցվել ու վերջ:
Կան ևս մի շարք «հաջողակ» երկրներ, որտեղ 10-ից քիչ դեպք է գրանցվել, բայց արդեն բավական ժամանակ անցել է, որ կարողանանք պնդել, որ տարածում չկա: Օրինակ՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Շրի Լանկան, Ֆիլիպինները (այստեղ մի մահ կա, Չինաստանից էր եկել): Իհարկե, կարելի է ենթադրել, որ այս երկրներում լավ չեն ստուգում, բայց եթե այսքան օր չստուգեին, վարակը պիտի այնքան տարածված լիներ, որ դժվար թե հաջողվեր թաքցնել:
Նկատեք, որ այս երկրների մեջ կան ինչպես [մեր կարծրատիպերի համաձայն] առաջադեմ ու զարգացած երկրներ, այնպես էլ շատ առումներով Հայաստանից թույլ զարգացած (օրինակ Վիետնամը, Ֆիլիպիններն ու Եգիպտոսը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով մեզնից հետ են) կամ հիգիենայով աչքի չընկնող երկրներ (Հնդկաստան):
Վտանգավոր վիճակում է Ճապոնիան: Եթե չհաշվենք Diamond Princess նավի կարանտինի հետ կապված խայտառակությունը, Ճապոնիայում օրական մոտ տաս վարակակիր են հայտնաբերում, բայց այդ թիվը աճելու միտում չունի: Թերևս կարելի է համարել «հաջողակ», բայց մեծ ռիսկ կա, որ վիճակը կփոխվի:
Մի քանի օր առաջվա դրությամբ «հաջողակ» կարելի էր համարել նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան ու Շվեդիան: Հունվար ամսին այս բոլոր երկրներում գրանցվել են մի քանի դեպքեր, ու հաջողությամբ մեկուսացվել / բուժվել են: Բայց վերջին օրերին իրավիճակը փոքր-ինչ մռայլվում է: Մասնավորապես, իմ կանխատեսմամբ, Գերմանիայում ու Ֆրանսիայում եկող շաբաթ կկատարվի նույնը, ինչ եղավ Իտալիայում նախորդ շաբաթ, ու այս երկրները կտեղափոխվեն «անհաջողակների» խումբ:
«Դեռևս անորոշ» երկրներ
Երրորդ՝ «անորոշ» խմբում հավաքում եմ այն երկրներին, որտեղ COVID-19-ի առաջին դեպքերը հայտնաբերվել են վերջին մի շաբաթում, ու դեռ պարզ չէ, թե իրադարձությունները որ սցենարով կզարգանան: Այս խմբում են երեսունից ավելի երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Իսրայելը, Քաթարը, Ռումինիան, Լիտվան, Իռլանդիան, Բրազիլիան, Նիգերիան, Վրաստանը, Ադրբեջանը ու այսօրվանից արդեն նաև Հայաստանը:
Այս խմբից առավել վտանգավոր վիճակում են Քուվեյթը ու Բահրեյնը, որոնք հավանաբար Իրանից բավականաչափ վիրուս են ներմուծել:
Հայաստանում վարակակիր տղամարդը մեկուսացվել է Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցում (որն այժմ որպես հյուրանոց չի գործում, պետության սեփականությունն է): Եթե Diamond Princess նավի դեպքի նման սխալներ չարվեն, երբ հարյուրավոր առողջ մարդիկ օրերով «փակված» էին իրենց սենյակներում, իսկ նավի աշխատակիցները այդ մարդկանց սպասարկելու ընթացքում հաջողացրեցին վարակվել նավում եղած մեկ-երկու վարակակիրներից ու հետո վարակել 700-ից ավել առողջ մարդկանց, ապա մենք էլ հաջողությամբ կընկնենք «հաջողակ» երկրների ցուցակ: Իհարկե, պետք է շարունակել ուշադիր լինել Իրանից ու այլ վարակակիր երկրներից ժամանած մարդկանց նկատմամբ, որ բռնկում բաց չթողնենք: